Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ՀՀ նախագահը ստորագրել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 4-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները»:
Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպությունն ավարտում է աշխատանքը Հայաստանում, ինչի մասին հայտնել է Հայաստանում իրավապաշտպանական կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։
«Ավելի քան չորս անհավանական տարի անց, իմ ճանապարհորդությունը Freedom House-ի հետ Հայաստանում ավարտվեց, քանի որ կազմակերպությունն ավարտում է իր աշխատանքը այստեղ: Ինձ համար պատիվ էր առաջնորդել ամենադժվար ժամանակներից մի քանիսը և կանգնել այդքան ոգեշնչող գործընկերների, ընկերների և իրավապաշտպանների կողքին»,-գրել է Շիրինյանը։
Freedom House-ն ԱՄՆ-ում հիմնված, ԱՄՆ կառավարության և պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություն է, որն իրականացնում է ժողովրդավարության, քաղաքական ազատության ևմարդու իրավունքների վերաբերյալ հետազոտություններ և պաշտպանություն։
Ապրիլի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Իսակովի պողոտա – Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում և Լենինգրադյան – Հալաբյան փողոցների խաչմերուկում:
Մասնավորապես՝ Իսակովի պողոտայում՝ Էջմիածինից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:
Լենինգրադյան փողոցից երրորդ երթևեկելի գոտուց նախկին «ուղիղ և դեպի ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ձախ» ուղղությունով:
Ապրիլին Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +28-ից մինչև +30 աստիճանի, այս մասին ճեպազրույցում ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ։ Օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով նորմայից բարձր կլինի։
«Հիմնականում գերակշռելու են արևադարձային լայնություններից ներթափանցող հոսանքները, բայց չի բացառվում, որ հատկապես ամսվա վերջում` առանձին օրերի, ունենանք արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցում»,- ասել է Սուրենյանը։
Չինաստանի իշխանություններն ապրիլի 10-ից 34%-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր են սահմանում ԱՄՆ-ից ներմուծվող ամբողջ արտադրանքի համար։
Այս մասին հայտարարել է Չինաստանի պետխորհրդի մաքսատուրքերի հանձնաժողովը։
Այս քայլը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերին պատասխանը։ «ԱՄՆ-ի գործողությունները չեն համապատասխանում միջազգային առևտրի կանոններին, լրջորեն խախտում են Չինաստանի օրինական իրավունքներն ու շահերը և միակողմանի ահաբեկման տիպիկ դրսևորում են», – ասված է հայտարարության մեջ։
Մաքսատուրքերը սահմանվում են ի լրումն գործող տուրքերի, պարզաբանել է գերատեսչությունը։
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի արդյունքներով հասել է 688,28 միլիարդ դոլարի:
Ընդ որում, ԱՄՆ-ից Չինաստան մատակարարումները կազմել են 163,62 միլիարդ դոլար՝ գրեթե երեք անգամ պակաս, քան Չինաստանից ԱՄՆ արտահանումը: Չինաստանն ԱՄՆ-ից ներմուծում է գյուղատնտեսական արտադրանք, միկրոսխեմաներ, մեքենաշինական սարքավորումներ, ածխաջրածիններ և մետաղներ։
Միացյալ Նահանգները Չինաստանից գնում է սմարթֆոններ, համակարգիչներ, լիթիումային մարտկոցներ, պլաստիկե արտադրանք, կենցաղային սարքեր, կոշկեղեն, մանկական խաղալիքներ և շատ այլ ապրանքներ։Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է, որ ներմուծվող ապրանքների համար նվազագույն մաքսատուրքը կսահմանի 10%-ի չափով:
Առանձին պետությունների համար նա սահմանել է անհատական մաքսատուրքեր։ Մասնավորապես, չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կկազմեն 34%:
Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ն ստացավ այն պատասխանը, որին արժանի էր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը:
«Գյումրիում ընդդիմությունը ոչ մեկին թույլ չտվեց «պղտորել ջրերը»:
Շնորհակալ եմ մյուս երեք ընդդիմադիր թեկնածուներին: Ամենակարևորը մենք բոլորս ցույց տվեցինք, որ կարող ենք առաջնորդվել ՀԱՆՈՒՆԻ համար: Շնորհավոր, սիրելի գյումրեցիներ:
Առջևում բաղձալի հաղթանակներն են»,- գրել է նա:
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA), ինչպես նաև ԱՄՆ կիբերհրամանատարության ղեկավար գեներալ Թիմոթի Հոն հեռացվել է իր զբաղեցրած երկու պաշտոններից։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Հոյի հետ միասին Ազգային անվտանգության գործակալությունում նրա քաղաքացիական հարցերով տեղակալ Ուենդի Նոբլը ևս հեռացվել է պաշտոնից և տեղափոխվել մեկ այլ աշխատանքի։Ըստ աղբյուրի՝ Հոյի և Նոբլի հրաժարականին հասել է ծայրահեղ աջ ակտիվիստ և Թրամփի աջակից Լորա Լումերը, որին Թրամփը Սպիտակ տանն ընդունել է ապրիլի 2-ին: Լումերը կոչ է արել նաև աշխատանքից հեռացնել Ազգային անվտանգության գործակալության ևս մի քանի աշխատակիցների, որոնք, նրա կարծիքով, հավատարիմ չեն նախագահին:
Պաշտոնական պաշտոնանկության պատճառը չի հաղորդվում։ Ավելի վաղ The Associated Press գործակալությունը հայտնել էր, որ Լումերը Թրամփի մոտ ընդունելության ժամանակ, որտեղ ներկա են եղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ազգային անվտանգություն հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը, կոչ է արել պաշտոններից հեռացնել այն անձանց, որոնք, նրա կարծիքով, բավականաչափ հավատարիմ չեն եղել ներկայիս քաղաքական կուրսին։
Ըստ Axios հարթակի՝ սրա արդյունքում աշխատանքից ազատվել են Ազգային անվտանգության խորհրդի մի քանի աշխատակիցներ։
Տեղեկություններ կան այն մասին, որ Շեյլա Թոմասը, որն Ազգային անվտանգության գործակալության գործադիր տնօրենն էր, նշանակվել է գործակալության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է գործարար և բարերար, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նուբար Աֆեյանի՝ Afeyan Initiatives for Armenia (AIFA) հիմնադրամի գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև մեր երկրում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նախարարն անդրադարձել է Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին՝ ընդգծելով նորարարությունների խթանման, գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության կարևորությունը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է՝ այլ պաշտոնի անցնելու նպատակով:
«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ Պարույր Հովհաննիսյանը նշանակվելու է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը գրում է․
«Հարգելի գյումրեցիներ, շնորհակալ ենք Գյումրու ավագանու ընտրություններին ձեր մասնակցության համար, նախորդ օրերին ինձ ջերմ ու առանձնահատուկ ընդունելության, թիմիս աջակցելու և ‹‹Մեր քաղաքը›› դաշինքին ընտրելու համար։
Դուք տեսաք, թե ինչ կատարվեց և շարունակում է կատարվել իմ ընտանիքի անդամների և թիմակիցներիս շրջանում։ Իշխանությունը դիմեց բոլոր անհնար ու հնարավոր միջոցներին, մանիպուլյացիաներին, օրինական ու անօրինական գործողություններին, փորձելով՝ ինձ հոգեբանորեն ճնշել, թիմիս՝ ձերբակալել և քրեական հետապնդումների ենթարկել։ Եվ դա շարունակվում է մինչ այս պահը։
Բայց դրա մասին կխոսեմ ավելի ուշ։
Սիրելի գյումրեցիներ ու հայրենակիցներ, ես լավ գիտեմ ու հասկանում եմ՝ այս օրերին ամբողջ Գյումրին և հանրապետությունը լարված սպասում են իմ որոշմանը, որից կախված է Գյումրու և երկրում հետագա զարգացումներն ու տրամադրությունները։
Ես իմ անցած ճանապարհի ընթացքում ապացուցել եմ, որ ինձ համար մեր երկրի, մեր քաղաքի ու մեր գյումրեցիների ընդհանուր շահը գերադասել եմ անձնական շահերից և մոտեցումներից։ Այսօր ես կայացրել եմ իմ որոշումը, որն իմ քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդագույն ու ծանր որոշումն է եղել, որի մասին շատ երկար եմ մտածել ու մեծ դժվարությամբ եմ եկել դրան։ Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ և միակն եմ եղել, որ խոսել եմ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է` քրեական գործերով պայմանավորված։
Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե ոչ՝ տա Աստված, որ սխաված լինեմ։
Այս վտանգների մասին այս ընթացքում ուղիղ կամ միջնորդավորված խոսել եմ, հատուկ զգուշացրել եմ մյուս թեկնածուներին, մասնավորաբար, Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին։
Այս երկու թիմերը շատ լավ գիտենալով այս մասին՝ անհասականալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի և տվյալ թեկնածուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը։
Իմ դիրքորոշմամբ, օրինակ՝ Ռուբենին կամ Կարենին կարող էինք ընտրել քաղաքապետ՝ 4 թեկնածուներիս համատեղ քննարկման և համագործակցության արդյուքնում։ Եվ սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։
Իրենց որոշումով պայմանավորված ունենք այս իրավիճակը, որի մասին խոսելն էլի ուշ չէ։
Սիրելի գյումրեցիներ ու հատկապես շուրջ 7400 ինձ ընտրողներ, դուք քվեարկեցիք իմ օգտին նաև այն սկզբունքով, որ ներկա իշխանությունը չվերարտադրվի Գյումրիում և բոլորս այդ գաղափարախոսությամբ էինք այս պայքարի մեջ։
Ու մենք բոլորս միասին հասանք դրան, որի համար շնորհավորում եմ բոլորիս։ ՔՊ-ն Գյումրիում այլևս իշխանություն չէ։
Սիրելի ազգականներ, ընկերներ, թիմակիցներ, գյումրեցիներ, դուք իմ կողքին կանգնեցիք, որ նախկին բարքերը չվերադառնային քաղաք։ Գիտենալով իմ սկզբունքներն ու հստակ, ընդգծված կարմիր գծերը, որ այդ բարքերին միշտ դեմ եմ եղել ու ժամանակին իմ շնորհիվ է քաղաքն ազատվել այդ ամենից։ Իսկ հիմա այս երկու թիմերի շտապողականության ու իրենց կայացրած որոշման պատճառով ես ստիպված եմ կայացնել մի այնպիսի որոշում, որին սկզբունքորեն դեմ ենք եղել բոլորս։
Ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ ընտրողներից, ազգականներից, ընկերներից ու սատարողներից, բայց և վստահ ասում եմ, որ երկրիս՝ պետության և պետականության, Գյումրուս և գյումրեցիներիս շահի ու անվտանգության դեմ ստորադասում եմ իմ անձնական հարցերն ու մոտեցումները և անում եմ այս քայլը ժողովրդի պահանջով։ Համոզված եմ, որ կհասկանաք ու կաջակցեք իմ որոշմանը։
Բոլորդ համոզվեցիք՝ իրար միացած, իրար հետ համագործակցող քաղաքական ուժերը առանց իմ և ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի որոշման ոչ մի բան չեն կարողանալու անել Գյումրիում և ամեն ինչ, հետայսու էլ, կախված է լինելու ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի քվեարկություններից։
Եվ այսպես, ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։
Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքի հետագա ճակատագիրը՝ ՔՊ-ին տալու, չտալու մասով, այսուհետ թեև վերցնում են իրենց վրա երեք ուժերը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ, բոլորդ էլ գիտեք՝ ես ձեռքերս ծալած չեմ նստելու և շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա։
Իսկ ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը գյումրեցիների հետ միասին ամեն ինչ կանի, որպեսզի ապրենք այն քաղաքում, որին արժանի ենք։
Հարգելի լրատվամիջոցներ, քաղաքական գործիչներ, քաղաքական վերլուծաբաններ, բլոգերներ, քաղաքական կուսակցություններ, տերեր և ծառաներ, այսուհետ բոլորդ լավ իմացեք՝ Մարտուն Գրիգորյանն իր ողջ կյանքի ընթացքում որոշումներ կայացրել է ինքնուրույն և առանց շտապողականության և որևէ քաղաքական ուժ կապ չունի ու չի կարող ազդել իմ կայացրած որոշումների վրա»։