Կրեմլը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե Վլադիմիր Պուտինը «լիովին խելագարվել է», բացատրել է Ուկրաինայի հարցով բանակցությունների մեկնարկից հետո «հուզական գերծանրաբեռնվածությամբ»։
«Իհարկե, բանակցային գործընթացի սկիզբը, որի համար ամերիկյան կողմը մեծ ջանքեր է գործադրել, շատ կարևոր նվաճում է։ Մենք շնորհակալ ենք ամերիկացիներին և անձամբ նախագահ Թրամփին՝ բանակցային գործընթացը կազմակերպելու և մեկնարկի հարցում ցուցաբերած աջակցության համար։ Սա շատ պատասխանատու պահ է, որը կապված է բացարձակապես բոլորի հուզական ծանրաբեռնվածության և հուզական արձագանքների հետ»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Պուտինը կայացնում է որոշումներ, որոնք «անհրաժեշտ են Ռուսաստանի անվտանգությունն ապահովելու համար», իսկ Ուկրաինայի տարածքում հարվածները որակել է որպես ուկրաինական հարձակումներին պատասխան։ «Ուկրաինացիները հարվածում են մեր սոցիալական ենթակառուցվածքներին, մեր խաղաղ ենթակառուցվածքներին։ Սա պատասխան հարված է»,- ասաց Կրեմլի խոսնակը։
Թրամփը նախորդ օրը լրագրողներին ասել էր, որ «դժգոհ է Պուտինի քայլերից» և «անվերապահորեն» քննարկում է Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Ավելի ուշ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր. «Պուտինի հետ ինչ-որ բան է պատահել, նա «խելագարվել է»։