«Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար». Գարիկ Քեռյան
Հուլիսի 08, 2025

«Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար». Գարիկ Քեռյան

By Հուլիսի 07, 2025 6

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին ամիսները նշանավորվեցին միջազգային հարաբերություններում եղած իրողությունների արմատական փոփոխություններով:

Մենք ականատեսը եղանք Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային կարողություններին հասցված հզոր հարվածին և կարճատև պատերազմին: Այնուհետև հերթական տեղապտույտը գրանցվեց Ուկրաինայում պատերազմի դադարեցման ամերիկյան ջանքերում:

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով եղավ Մոսկվայում, բայց ինչ արդյունքներով, մնաց չլուսաբանված: Էրդողանը նորից փայլեց իր դիվանագիտությամբ և մնաց իր բարձունքին: Նա շարունակում է մնալ ամենապահանջված պետական առաջնորդը բոլոր բևեռների համար:

Ստեփանակերտում նա իր դաշնակից Ալիևի հետ գումարեց իսլամա-թյուրքական տնտեսական համագործակցության կառույցի գագաթնաժողովը, որտեղ նորից հնչեցին Հայաստանի դեմ վերջնագրային բնույթի պահանջներ: Այս իրադարձությունները մեզ համար նշանավորվում են մի քանի նոր իրողություններով: Առաջինն Իրանի նախագահ Փեզեշքիանի մասնակցությունն էր Ստեփանակերտի ֆորումին և ողջագուրումը Ալիևի հետ: Դա այդքան էլ տարօրինակ չէր լինի, եթե Ադրբեջանը Իսրայելի ռազմավարական խորացված ռազմա-տնտեսական գործընկերը չլիներ:

Փաստորեն ստացվեց, որ տարածաշրջանում Իսլամական Հանրապետության թիվ մեկ թշնամի Իսրայելի հետ սերտ համագործակցող Ադրբեջանը Իրանի հետ նույնպես եղբայրության մեջ է: Ոմանք սա համարում են պարսկական հեռատեսության, ճկունության և թաքուն ծալքեր ունեցող դիվանագիտության դրսևորում, կամ խորամանկություն: Ամեն դեպքում ներկա իրավիճակը ՌԴ-Իրան-Ադրբեջան եռանկյունում մնում է չբացահայտված և ստվերային:

Երկրորդ անսպասելի իրողությունը ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների սրումն էր, այն դեպքում, որ 2016թ-ից հետո դրանք զարգացել են դրական միտումներով: Նորմալ բարոյական տրամաբանությունը ենթադրում էր, որ Ղարաբաղի կլանման 2020-23թթ. իրադարձություններում Մոսկվայի և Թեհրանի իներտ վերաբերմունքը պետք է որ Բաքվում երկարատև երախտագիտության և ջերմության մթնոլորտ ապահովեին Պուտինի հանդեպ:

Այն, որ թուրքական դաշինքը երբեք էլ չի կարող Ռուսաստանի բարեկամը և դաշնակիցը լինել բոլորս էլ շատ լավ գիտենք: Պատմությունն է ապացուցել հազար անգամ, չարժե նորից կրկնել հանրահայտ փաստերը: Կարևորը կանխատեսել ներկա զարգացումները: Կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ ռուսական հետախուզական հատուկ ծառայությունները բացահայտել են Զելենսկու վարչակարգին ցուցաբերված թուրք-ադրբեջանական աջակցության նոր փաստեր: Միայն դա կարող էր այդպիսի բացասական հակազդեցություն առաջ բերել: Ինչ որ չորս-հինգ տարի առաջ ռուսաստանաբնակ ադրբեջանցիների հանցագործությունների բացահայտումը հիմնարար բացատրություն չի և միջպետական հարաբերությունների սրման պատճառ չի կարող լինել:

Բաքու-Մոսկվա լարվածության շարունակման դեպքում Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար: Հատկապես, որ Վրաստանը չարդարացրեց իր հետ կապված նման հույսերը: Արևմուտքն ինչպե՞ս պետք է հավասարակշռի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները և՛ Երևանի, և՛ Բաքվի վրա իր ազդեցությունը ուժեղացնելու և Հարավային Կովկասից ռուսներին դուրս մղելու համար: աԻնտրիգային հարցադրումը մեզ համար սա է մնում: Գուցե և իր մոդերատորությամբ արագացնի խաղաղության պայմանագրի կնքումը և Թուրքիայի հետ ապահովի սահմանի բացումը Զանգեզուրի միջանցքի դիմաց:

Այս սցենարի դեպքում, իսկապես, կարող է ռուսական ազդեցության հետ կապված երեսնամյա պայքարը ավարտվել: Ի դեպ մոսկովյան կենտրոններում նոր են խորությամբ ըմբռնում ղարաբաղյան «աղյուսի» կոնցեպտը: Այդ մեկ աղյուսը փլուզեց ողջ տարածաշրջանի կայունության ճարտարապետությունը, պարզվեց, որ այդ մեկ աղյուսի վրա էր հիմնված շինությունը: Դե ինչ արած, հետո պատմաբանները կգրեն կրեմլյան դիվանագիտության ճակատագրական սխալի մասին: Իսկ հայաստանյան փորձանքագիտական ռահվիրաների ուշադրությունը հրավիրում եմ Ադրբեջանի արևմտյան դրեյֆի վրա, գնահատեք և «լուսաբանեք»»: 

Գարիկ Քեռյան

Rate this item
(0 votes)

Լրահոս