Print this page

Լավրովը եկել էր Հայաստան մեզ զգուշացնելու

By Մայիսի 26, 2025 10

Սերգեյ Լավրովը եկել էր Հայաստան մեզ զգուշացնելու, որ հանկարծ մտքներովդ չանցնի, որ Եվրոպայի մասին մտածեք։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Հիմնական խնդիրը սա էր, որ ինքը մեզ զգուշացնում էր, կարելի է ասել նաև վախեցնում էր, որ Եվրոպայի դռները ձեր դիմաց փակ է։

Ռուսաստանը մտահոգված է, որովհետեւ տեսնում է ինչ է կատարվում Հայաստանում, որ ժողովուրդն ուզում է Եվրոպա գնալ։ Ռուսաստանը արդեն կորցրել է իր դերն ու նշանակությունը հայ ժողովրդի համար։ Դրա համար իրենք այդ, այդ մտավախություն ունեն, որ այստեղ ոչ թե իշխանությունն է, այլ Ժողովրդի նախաձեռնություն է, որ ցանկանում են Եվրոպա գնալ։ Դա իրենք լավ հասկանում են։ Իրենք գիտեն, որ բոլոր նախկին խորհրդային հանրապետություններն ուզում են օր առաջ ազատվեն իրենցից։ Նրանց մի մասը ազատվել են, մյուսներն ընթացքի մեջ են, մնացածն էլ տենչում են ազատվել ռուսական կայսրությունից»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ արդյոք դրանով Հայաստանը նոր թշնամի ձեռք չի բերում, հանձինս Ռուսաստանի, Մելքոնյանը պատասխանեց. «Նախ մենք թշնամի չենք ձեռք բերում, մենք Ռուսաստանի հետ դարավոր բարեկամներ էինք ու դարերով մեր տարածքները իրենց ձեռքով նվեր է տրվել հարևան պետություններին և մեկ համբերատար կուլ ենք տվել այս ամեն ինչը։ Իրենք մեր տարածքները նվեր ենք տվել Թուրքիային, վերջին նվերը 2020 թվականին էր, երբ արդեն Արցախը տվեցին Ադրբեջանին»։

Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանը ինքն է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Մեր բոլոր իշխանությունները վերջին 30 տարում ճանաչել են, որ Արցախը Ադրբեջանի տարածք է։ Որևէ մեկը ասե՞լ է, որ Արցախը Ադրբեջանի տարածք չէ, Ռուսաստանը ասել է, որ Արցախը Ադրբեջանի տարածք չէ՞։ Իրենք ավելի շուտ են ճանաչել, ավելի շուտ գիտեին։ Նոյեմբերի 9–ի համաձայնագրից մի քանի օր հետո Պուտինն ասաց, որ Արցախը ադրբեջանական տարածք է։ Բոլոր բանակցությունները գնացել են այդ կոնտեքստում։

Այո, մենք խոսել ենք ինքնավարության մասին։ Նույն Ադրբեջանն է ասել, որ պատրաստ է ամենամեծ ինքնավարությունը տալ Ղարաբաղին։ Բոլոր հանդիպումների ժամանակ եռանախագահների հետ այդ խոսակցությունը եղել է, մինչեւ սկսվել է Լավրովի հերթական պլանները։

Ռուսները Ադրբեջանի հետ հոյակապ ձևով համագործակցել են, բարեկամություն են արել։ Եթե հհիշենք Գետաշենը, Ազատը, հետո Շահումյանը, այդ բոլորը ո՞նց է եղել. Ռուսաստանի զորքը եկել, մտել է որպես խաղաղապահ, մնացել է մի քանի ամիս, հետո հայերին ասել է՝ մենք գնում ենք, դուք մնո՞ւմ եք, թե՞ չէ։ Որպեսզի ձեր անվտանգությունը մենք ապահովենք, սկզբից դուք դուրս եկեք, նոր մենք դուրս կգանք։ Այդպես էլ արվել է։ Շահումյանում, Գետաշինում, այդ բոլոր շրջաններում ռուսական զորք է եղել։ Իրենք սկզբից հայերին հանել են, նվեր են տվել ադրբեջանցիներին առանց հայի տարածք, որ հայեր չեն լինելու այդ տարածաշրջանում։ Ու Գետաշենից հետո հերթը հասավ Շահումյանին»։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews