Print this page

Հայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարար

By Մայիսի 22, 2025 1

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Հայաստան կատարած երկօրյա այցի ավարտին հայտարարել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ինտենսիվ և արդյունավետ հանդիպումների մասին։

Այս մասին հայտնում է իրանական IRIB-ը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյայի խոսքերը։

Նասիրզադեն, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետի, պաշտպանության նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպումներին՝ նշել է, որ դրանց ընթացքում քննարկվել են համագործակցության տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ պաշտպանական և տնտեսական ոլորտները, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ պաշտպանության նախարարի հետ։

«Համագործակցության զարգացման համար պայմաններն արդեն հասունացել են, և մենք հրավիրել ենք ՀՀ պաշտպանության նախարարին այցելել մեր երկրի պաշտպանական օբյեկտներ»,-ասել է Իրանի պաշտպանության նախարարը։

Նասիրզադեն նաև ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը հարևան երկրների նկատմամբ՝ շեշտելով, որ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվեն։

Ազիզ Նասիրզադեն, անդրադարձ կատարելով Հարավային Կովկասի կարևորությանը, հավելել է. «Այս տարածաշրջանը մեզ համար մեծ նշանակություն ունի թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ աշխարհառազմավարական առումով։ Որպես հատուկ պատմական և տարանցիկ դիրք ունեցող երկիր՝ Հայաստանը նույնպես կարևոր դեր է խաղում այս տարածաշրջանում։ Մենք նախկինում հայտարարել ենք, որ դեմ ենք աշխարհաքաղաքական և պատմական սահմանների ցանկացած փոփոխության և այս հարցը բարձրացրել ենք հայկական կողմի հետ բանակցություններում»։

Իրանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ Ազիզ Նասիրզադեի գլխավորությամբ, Հայաստան էր ժամանել մայիսի 20-ին՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews