Print this page

Ադրբեջանում մարդու իրավունքները ԵՄ-ի համար առաջնահերթություն են. Կալաս

By Ապրիլի 29, 2025 4

Ադրբեջանում մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը Եվրամիության համար առաջնահերթություն են և ընկած են ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների հիմքում՝ ասված է Կայա Կալասի հայտարարության մեջ՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավոր Էմանուիլ Ֆրագոսի հարցերին Ադրբեջանում բռնապետական միտումների վերաբերյալ:

Ֆրագոսը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին հարցրել է նաև՝ արդյոք Բաքուն պարտավորվել է ազատ արձակել ավելի քան 320 քաղբանտարկյալների, ազատել պահվող հայերին և ապահովել ԼՂ հայերի վերադարձի երաշխիքները:

«ԵՄ-ն բազմիցս մտահոգություն է հայտնել անկախ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների ձերբակալությունների թվի տագնապալի աճի կապակցությամբ։ ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել համապատասխանեցնել իրենց գործողությունները ներքին և միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին: Այս համատեքստում ԵՄ-ն հետևողականորեն կոչ է անում ազատ արձակել բոլոր այն անձանց, որոնք ազատազրկվել են իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար»,- ասված է Կալասի պատասխանում:

Նշվում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ փոխգործակցությունը կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման համար տարածաշրջանային համագործակցության միջոցով, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում:

Եվրոպական խորհրդարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը նշել է, որ Կալասը ողջունել է երկու երկրների միջև երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը՝ կոչ անելով բաց չթողներ պահը և ապահովել գործընթացի սահուն ավարտը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews