Հասարակական գործիչ Նարեկ Մալյանն ԱԺ-ում է, նա այցելել է ընդդիմադիր երեք պատգամավորների (Աղվան Վարդանյան, Արթուր Խաչատրյան և Ագնեսա Խամոյան), ովքեր հարցազրույցներում հրապարակային պատրաստակամություն են հայտնել իրենց ստորագրությունները տալու իմփիչմենթի նախաձեռնությանը:
Լրագրողների հետ զրույցում Մալյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի կապրիզով «Հայաստան» խմբակցությունը տորպեդահարում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ իրական օրակարգը՝ իմփիչմենթը․ «Անվստահության գործընթացին դեմ է Ռոբերտ Քոչարյանը և նա իր կարծիքը պարտադրում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներին։
Մարդիկ տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն խոչընդոտում են ընդդիմադիրները, ովքեր 2021 թվականին խոստացել էին նրան հեռացնել»,- ասաց Մալյանը՝ հավելելով, որ պատրաստվում է «Պատիվ ունեմ» խմբակցությունից վերցնել իմփիչմենթի մասին ձևաթուղթը՝ 6 պատգամավորների ստորագրություններով, տանել և վերոնշյալ երեք պատգամավորներից ևս փորձել ստանալ նրանց ստորագրությունները։
Մալյանը հանդիպեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջյանին, վերցրեց ձևաթուղթը և քիչ անց կայցելի Աղվան Վարդանյանին, Արթուր Խաչատրյանին և Ագնեսա Խամոյանին։
Հիշեցնենք՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշել էր «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։ Համապատասխան ձևաթղթի տակ այս պահին միայն «Պատիվ ունեմ»-ի 6 պատգամավորների ստորագրություններն են։