Print this page

Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»

By Ապրիլի 29, 2025 8

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է լրացում և փոփոխություններ կատարել կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ: Այսպիսով՝ կլիցենզավորվեն Հայաստանում հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ գործող կազմակերպությունները, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում՝ այլընտրանքային) և նախադպրոցական ծառայություններ, ինչպես նաև հիմնական կրթական ծրագիր իրականացնող նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Կենտրոնները, լիցենզավորվելով և գործելով լիազոր մարմնի վերահսկողության ներքո, կապահովեն երեխաների առողջության և անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ և սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն և այլն) և կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, որը երեխաներին նախապատրաստում է դպրոցին:

Տարբեր քննարկումների արդյունքում կապված ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջի հետ պարզվել է, որ շատ նախադպրոցական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար կարող է խնդիր առաջանալ լիցենզավորվելիս (քանի որ դեռ կան մեծ թվով ուսումնական հաստատություններ, որոնք նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր են իրականացնում բնակելի տարածքներում), ուստի նախարարությունն անհրաժեշտություն է համարում նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը փոխարինել հասարակական և բնակելի նպատակային նշանակության տարածք ունենալու պահանջով:

Նախադպրոցական ծառայություն իրականացնող կազմակերպություններն իրականացնում են ծառայություն մինչև 4 ժամ տևողությամբ, ուստի մանկավարժական կազմը հիմնական աշխատողներով ապահովելու խնդիր է առաջանում, քանի որ օրվա մի մասը նրանք աշխատում են այլ հաստատություններում: Այս հանգամանքը հաշվի առնելով նախատեսվել է 80 տոկոս հիմնական աշխատողների շեմը իջեցնել 50 տոկոս: Քանի որ նախադպրոցական ծառայությունը, համաձայն օրենքի փոփոխության, իրավաբանական անձի կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանը և զարգացմանը միտված ծառայություն է, ուստի անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել երեխայի խնամքի, հոգածության, առողջության պահպանմանն ու ամրապնդմանը միտված ծառայությունների համապատասխանությունը կարգավորող՝ կառավարության 2015 թ.-ի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման, առողջապահության նախարարի 2002 թ.-ի դեկտեմբերի 20-ի N 857, 2013 թ.-ի օգոստոսի 12-ի N 42-Ն հրամանները:

Նախագծի ընդունման նպատակն է լիցենզավորման կարգերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը փոխարինելով և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպություններում հիմնական աշխատողների տոկոսային շեմը իջեցնելով՝ անխոչընդոտ իրականացնել լիցենզավորման գործընթացը, միաժամանակ ապահովելով նախադպրոցական հաստատությունների ուսումնական տարածքների մասով այլ նորմատիվների կատարումը:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews