Այսօր կրակոցներ են հնչել Երևանի Մաշտոցի պողոտայում, որի հետևանքով կա վիրավոր։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Կայքը գրում է, որ կրակոցների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել ժամը 01:50-ի սահմաններում։
Դեպքի վայր ժամանած բժիշկները տեղում` Մաշտոցի պողոտայում կայանված «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քաղաքացու, որն ունեցել է գլխի ճակատային շրջանում հրազենային վիրավորում։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխել են Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Մաշտոցի պողոտայի 15–րդ շենքի մոտ կրակոցներ են հնչել, որի ժամանակ վնասվել է «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին և կայանված «Jeep» մակնիշի ավտոմեքենան։
Դեպքի վայրից մոտ 20-30 մետր հեռավորության վրա տարբեր հատվածներում հայտնաբերել են «Մակարով» ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ, 4 գնդակ, արնանման հետքեր:
ՆԳՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Երևան քաղաքի Փավստոս Բյուզանդի և Մաշտոցի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած կրակոցի դեպքի առթիվ ապրիլի 14-ին ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (Սպանության փորձ), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանություն), 335-րդ հոդվածի 1-ին մասի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը հատկանիշներով) նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: