Print this page

Արագածոտնի մարզում տրանսպորտն առայժմ չի թանկանա, երթուղին էլ չի փոխվի

By Ապրիլի 29, 2025 5

Արագածոտնի մարզի տրանսպորտային ցանցն առայժմ չի փոխվի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել մարզպետի աշխատակազմը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Հաշվի առնելով միասնական երթուղային ցանցի գործարկման և սակագների հետ կապված դժգոհությունները և մտահոգությունները՝ որոշում է կայացրել այն չգործարկել մայիսի 1-ից, ինչպես մինչ այդ որոշվել էր։

Նշվում է, որ այսօր Արագածոտնի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում՝ ՏԿԵ նախարարի տեղակալի և Արագածոտնի մարզպետի, Աշտարակի համայնքապետի և ուղևորափոխադրումներ իրականացնող մրցույթում հաղթած «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենի մասնակցությամբ։

Քննարկվել են չվացուցակի, սակագների, երթուղիների վերաբերյալ մի շարք հարցեր։

Առայժմ տրանսպորտը կգործի նախկինի պես՝ ներառյալ երթուղիները և սակագները։

«Քննարկումները շարունակվում են, միասնական երթուղիների ցանցի գործարկման, սակագների, չվացուցակների հետ կապված կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից։

Հիշեցնենք, որ նախատեսվող փոփոխությունները դժգոհություններ են առաջացրել մարզի բնակիչների շրջանում։ Ապրիլի 27-ին տասնյակից ավելի գյուղերի բնակիչներ փակել էին ճանապարհը Կոշ գյուղի խաչմերուկում։ Նրանց խոսքով՝ գործող երթուղին հնարավորություն է տալիս հասնել մինչև «Կիլիկիա» ավտոկայան, իսկ փոփոխություններից հետո իրենք ստիպված են լինելու մի քանի տրանսպորտ փոխել, քանի որ գյուղերից տրանսպորտը մինչև Աշտարակ է հասնելու։ Բացի այդ նաև ուղեվարձն է թանկանալու։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews