Print this page

Պապոյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են ՀՀ-ԱՄՆ տնտեսական համագործակցության հեռանկարները

By Փետրվարի 13, 2025 72

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: 

Հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, որի հիմքում դրված է նորարարությունը, կայունությունն ու մատչելիությունը համաշխարհային շուկաների համար:

«Ներկայում մենք քայլեր ենք ձեռնարկում արտահանման դիվերսիֆիկացման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման և օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ, և այս համատեքստում մենք կարևորում ենք ԱՄՆ-ի նման գործընկերների անգնահատելի դերը այս նպատակներին հասնելու համար», - նշել է Գևորգ Պապոյանը:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև արտահանման դիվերսիֆիկացմանը, հանքարդյունաբերությանը, դեղագործությանը, գյուղատնտեսությանն ու պարենային անվտանգության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։

Ընդգծելով հայկական կողմի հետաքրքրվածությունը ամերիկյան շուկայով և կարևորելով այդտեղ հայկական գինիների ճանաչելիության բարձրացումն ու առաջմղումը՝ Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել ամերիկացի լրագրողների և ինֆլուենսերների այցի կազմակերպման հնարավորությունը Հայաստան։

Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանում բարենպաստ գործարար միջավայրին և տնտեսության ոլորտում առկա ներդրումային լայն հնարավորություններին։

Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ ծրագրերի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև դիտարկել են տնտեսության տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews