Հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Միքայել Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Վարույթի ընթացքում մի խումբ անձանց կողմից խոչընդոտվել է իրավապահ մարմինների օրինական գործունեությունը, ուստի այդ փաստով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ առավոտից Մայր Աթոռի մոտ իրավիճակը լարված էր, ԱԱԾ–ի եւ ոստիկանության ուժերը, այդ թվում կարմիրբերետավորներն ու հատուկջոկատայինները, այստեղ են, որպեսզի բերման ենթարկեն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Վերջինս սկզբում հայտարարեց, որ կգնա ԱԱԾ–ականների հետ, սակայն հավաքվածները թույլ չտվեցին։ Արդյունքում Միքայել Սրբազանը, Գարեգին Բ կաթողիկոսի հետ միասին վերադարձան եւ հիմա վեհարանում են։
Իրավապահները մեծ ուժեր են կենտրոնացրել Մայր Աթոռի բակում։ Քիչ առաջ այստեղ ժամանեցին նաեւ հատուկջոկատայինները։
Ավելի ուշ ԱԱԾ–ն հայտարարություն տարածեց, որ իրավիճակը չլարելու նպատակով իրենք որոշել են դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։