Իրանի միջուկային նկրտումները ոչնչացվել են ԱՄՆ-ի հարվածների արդյունքում, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահ Թրամփի վճռական ու հեռատես ղեկավարության և «խաղաղություն՝ ուժի միջոցով» սկզբունքին նրա նվիրվածության շնորհիվ Իրանի միջուկային նկրտումները ոչնչացվել են», - ասել է նա։
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն ռմբակոծությունների ժամանակ չի հարվածել Իրանի զինված ուժերին կամ բնակչությանը։
Հեգսեթը նաև հաստատել է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործվել են ամերիկյան B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ և MOP (GBU-57) հակաբունկերային ռումբեր։
«Սա պատմական հարված էր, որի ընթացքում B-2 Spirit ռմբակոծիչները կատարեցին իրենց ամենաերկար առաքելությունը 2001 թվականից ի վեր և առաջին անգամ մարտական գործողություններում օգտագործվեցին MOP-երը», - լրագրողներին ասել է նա ճեպազրույցի ժամանակ։