Print this page

Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը կարելի է համարել ավարտված. Պուտին

By Հունիսի 26, 2025 2

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև առճակատումը, ըստ էության, ավարտվել է։ Դա, ըստ նրա, նոր հեռանկարներ է բացում Եվրասիական տնտեսական միության երկրների և Մերձավոր Արևելքի պետությունների միջև համագործակցության համար։ Այս հայտարարությունը Պուտինն արել է այսօր՝ հունիսի 26-ին, Մինսկում անկացված Եվրասիական տնտեսական ֆորումում ելույթ ունենալիս։

«Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը ուժի մեջ մտավ մայիսին։ Հուսանք՝ տարածաշրջանում իրավիճակը կկայունանա։ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, փառք Աստծո, կարելի է համարել անցյալում», -նշել է նախագահը։

Պուտինը շեշտել է, որ նման դինամիկան ԵԱՏՄ-ին հնարավորություն է տալիս կառուցողական հարաբերություններ հաստատել տարածաշրջանի բոլոր երկրների հետ։

Նա հիշեցրել է նաև ԵԱՏՄ-ի գործող արտոնյալ համաձայնագրերը Վիետնամի, Սինգապուրի և Սերբիայի հետ, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները։

«Շարունակվում են աշխատանքները ինտեգրացիոն մեխանիզմների ամրապնդման և ԵԱՏՄ-ի միջազգային ասպարեզում հեղինակության բարձրացման ուղղությամբ։ Միությունը շարունակում է բաց լինել բոլոր շահագրգիռ գործընկերների հետ փոխգործակցության համար», -նշել է Ռուսաստանի առաջնորդը։

Պուտինը նշել է նաև Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի պետությունների հետ հարաբերությունների ակտիվ զարգացումը, ինչպես նաև այնպիսի բազմակողմ միավորումների հետ կապերի խորացումը, ինչպիսիք են ԲՐԻԿՍ-ը, ԱՊՀ-ն, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ԱՍԵԱՆ-ը և Աֆրիկյան միությունը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews