Հայաստանի Ազգային արխիվից Ադրբեջանին նյութեր տրամադրելու փաստով Հայաստանի քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։ «Փաստինֆոյի» հարցմանը պատասխանելով հայտնել են Քննչական կոմիտեից։
Վարույթը նախաձեռնել է պետական դավաճանության (ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մաս) և օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից Հայաստանի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգությանն ի վնաս տեղեկություններ հավաքելու (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով։
Ըստ ՔԿ-ի՝ Ազգային արխիվի որևէ աշխատակից վարույթի շրջանակներում ձերբակալված կամ կալանավորված չէ, սակայն քրեական գործով կա մեղադրյալ, հավանաբար՝ նախկին աշխատակից։ Իրավապահ մարմինները դեռևս չեն հստակեցնում, թե որ ժամանակաշրջանում և ինչ նյութեր են փոխանցվել Ադրբեջանին։
Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում Ազգային արխիվի ղեկավար խմբի ձերբակալության վերաբերյալ։