Print this page

Իրան-Իսրայել պատերազմ․ Իրավիճակը՝ 22։00 դրությամբ

By Հունիսի 15, 2025 21

Live24.am-ը ներկայացնում է Իրան-Իսրայել պատերազմի իրավիճակը 22։00-ի դրությամբ՝ ըստ միջազգային ԶԼՄ-ների և իրանական տելեգրամ ալիքների։

Օրվա ընթացքում Իսրայելը շարունակել է ակտիվ հարձակումները Իրանի տարածքի վրա՝ ընդլայնելով հարվածների աշխարհագրությունը։

Իսրայելը ողջ օրվա ընթացքում հրթիռակոծել է Թեհրանը՝ ներառյալ բնակելի թաղամասերը։ Հաղորդվում է, որ հարձակում է տեղի ունեցել ԻՀՊԿ-ի շտաբի և ոստիկանության շենքի վրա: Հաղորդվել է նաև Իրանի արդարադատության նախարարության շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։

Դիվերսիա է գրանցվել ջրատարներից մեկի վրա՝ կոյուղու վթար։ Բացի այդ, տեղեկություններ են հայտնվել Իրանի մայրաքաղաքում առնվազն 20 ավտոմեքենաների պայթեցման մասին:

Reuters-ի տվյալներով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում Իսրայելի հարձակումների արդյունքում առնվազն 14 միջուկային գիտնական է զոհվել: Նրանցից մի քանիսը զոհվել են ականապատ մեքենաների պայթյունից։

Տուժել են Շիրազը, Սպահանը և Մաշհադի օդանավակայանը։ Իսրայելը հարձակվել է Իրանի արևմտյան Քերմանշահի Իմամ Հասան ռազմաբազայի վրա։

Իսրայելի բանակը զենքի արտադրության օբյեկտների մոտ բնակվող իրանցիներին կոչ է արել տարհանվել։ Թեհրանի բնակիչները փորձում են լքել քաղաքն ապահովության համար՝ Իրանի մայրաքաղաքի վրա մշտական ​​հարձակումների ֆոնին:

Իրանում բոլոր ուսումնական հաստատությունները փակվել են մինչև հաջորդ ծանուցումը, Իսրայելն էլ երկարացրել է արտակարգ դրությունը և սահմանափակումները մինչև հունիսի 30-ը։

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն 128 մարդ է զոհվել, ավելի քան 900-ը՝ վիրավորվել Իրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով։

Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության գործակալների ակտիվության մասին (երկուսը ձերբակալվել են Իրանի հյուսիսում)։

Թեհրանի հրետակոծության հետևանքով վնասվել է հայկական «Ալիք» թերթի խմբագրությունը, կոտրվել են ապակիները, հայտնում է «Փաստինֆոն»։ Մինչև վերանորոգումը թերթը կտպագրվի միայն առցանց։

Ի պատասխան՝ Իրանը նոր հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա՝ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր հարվածել են Հայֆային, Թել Ավիվին և Աշկելոնին։ Առայժմ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է 15 զոհի և 385 վիրավորի մասին՝ սրացումից ի վեր։

Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին և Իսրայելին խաղաղության համաձայնագիր կնքել և «Մերձավոր Արևելքը կրկին մեծ դարձնել»։ Նա չի բացառել ԱՄՆ-ի միջամտությունը հակամարտությանը։

Մինչդեռ Իրանին աջակցող իրաքյան «Քաթայբ Հեզբոլլահ» խմբավորումը Mehr գործակալության միջոցով զգուշացրել է, որ ուշադիր հետևում է տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողություններին և պատրաստ է միջամտության դեպքում հարվածներ հասցնել ամերիկյան բազաներին ամբողջ աշխարհում։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews