Print this page

Ովքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»

By Հունիսի 17, 2025 3

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած, որ Մերձավոր արեւելքում իրավիճակը կտրուկ գերլարվել է, հարեւան Իրանը մահացու վտանգի առջեւ է, Հայատանի իշխանությունները շատ ակտիվ պատրաստվում են իշխող կուսակցության՝ ՔՊ վարչության՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններին:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ամերձ աղբյուրներից տեղեկացավ, որ արդեն սկսվել են վարչության անդամների ինքնառաջադրումները, ու սկանդալով հեռացած ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ է առաջադրել իր թեկնածությունը:

Ըստ մեր տեղեկությունների՝ ՔՊ-ականները մինչեւ օգոստոս ամիս առաջադրվելու հնարավորություն ունեն, բայց իրականում առաջադրվում են այն անձինք, ովքեր Նիկոլ Փաշինյանի վստահությունն են վայելում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին ՔՊ վարչության անդամ դառնալու համար ինքնառաջադրվել են նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության կին պատգամավորները` Հասմիկ Հակոբյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը: Մեր աղբյուրները նշում են, որ կանայք այս անգամ ավելի շատ են ներկայացված լինելու կուսակցության վերնախավում, ու հիմա թեժ պայքար է ընթանում: 

ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, որ այժմ ՔՊ վարչության անդամ է, թիմին ասել է՝ չի առաջադրվելու:

Հիշեցնենք, որ ՔՊ վարչության վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2022 թվականի նոյեմեբերի 4-ին, եւ դրանք սկանդալային ավարտ ունեցան, քանի որ ՔՊ-ն ներսում կեղծել էր վարչության ընտրությունների արդյունքները։ Կեղծիքի արդյունքում Հայկ Կոնջորյանը հայտնվել էր ընտրվածների շարքում, ինչի բացահայտումից հետո դուրս մնաց վարչությունից:

ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, որ ի սկզբանե վարչության անդամների կազմում չէր հայտնվել, կուսակցության անդամներից մեկի համակարգչի վրա նկատել էր այն շրջանառվող ցուցակը, որտեղ գրված է եղել՝ ով պետք է անցնի վարչություն, ով՝ ոչ: Նա լուսանկարել էր շրջանառվող այդ ցուցակն ու վերահաշվարկ պահանջել:

Ու միայն վերահաշվարկ իրականացնելիս ՔՊ-ն հրապարակեց իր վարչության 15 նոր անդամների անունները:

1. Փաշինյան Նիկոլ

2. Պապիկյան Սուրեն

3. Ռուբինյան Ռուբեն

4. Ավինյան Տիգրան

5. Պապոյան Գեւորգ

6. Միքայելյան Սասուն

7. Հարությունյան Արայիկ

8. Դավոյան Արփինե

9. Սանոսյան Գնել

10. Ալեքսանյան Վահագն

11. Սիմոնյան Ալեն

12. Հակոբյան Վաղարշակ

13. Փամբուխչյան Արմեն

14. Թորոսյան Արսեն

15. Պետրոսյան Ռոմանոս»։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews