Print this page

ՀԱՄԱՍ-ը Ուիտկոֆից նոր առաջարկ է ստացել Գազայում հրադադարի վերաբերյալ. հայտարարություն

By Մայիսի 29, 2025 12

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ միջնորդների միջոցով Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկ է ստացել ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությունը միջնորդների կողմից նոր առաջարկ է ստացել Ուիտկոֆից և պատասխանատու կերպով ուսումնասիրում է այդ առաջարկը»,-ասվում է շարժման հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելը քննարկում է ամերիկացի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի` Գազայի հատվածի կարգավորման նոր ծրագիրը, որը 60-օրյա հրադադար է նախատեսում:

Նոր սխեման նախատեսում է 10 պատանդի ազատ արձակում և 18 զոհվածի աճյունների վերադարձ երկու փուլով՝ գործարքի իրականացման առաջին շաբաթվա ընթացքում: Փոխարենը Իսրայելը բանտերից ազատ է արձակում շուրջ 1.5 հազար պաղեստինցի բանտարկյալի, այդ թվում՝ ահաբեկչության համար ցմահ դատապարտվածներին: 60-օրյա ժամանակավոր հրադադարի ընթացքում Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդների միջոցով բանակցում են պատերազմի վերջնական դադարեցման պայմանների շուրջ:

Այդ բանակցությունների ձախողման դեպքում Իսրայելը կարող է վերսկսել ռազմական գործողությունները պաղեստինյան անկլավում:

Հնարավոր գործարքով նախատեսվում է նաև վերադառնալ Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման նախկին սխեմային՝ ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ:

Մայիսի 18-ին Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում լայնածավալ ցամաքային գործողություններ է սկսել «Գեդեոնի մարտակառքեր» գործողության շրջանակում, որն ուղղված է ՀԱՄԱՍ-ի վերջնական ջախջախմանը: Գործողությունը ենթադրում է նոր տարածքների գրավում և պահպանում։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews