Մոսկվայի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել. բախվել են երեք մեքենա և միկրոավտոբուս, մահացել է մեկ կին և մեկ երեխա, 10 մարդ ստացել է տարբեր աստիճանմիմարմնական վնասվածքներ։
Մերձմոսկովյան Նոգինսկի մայրուղում տեղի ունեցած վթարը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել միկրոավտոբուսի վարորդի մեղքով, որը ժամանակին չի նկատել մյուս ավտոմեքենան, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններում աղբյուրին։
«Տեսախցիկների տեսագրության նախնական վերլուծության հիման վրա կարելի է եզրակացնել, որ վթարը տեղի է ունեցել միկրոավտոբուսի վարորդի գործողությունների պատճառով։ Նա չի նկատել իր գոտում կայանված անսարք ավտոմեքենան և միջոցներ չի ձեռնարկել բախումը կանխելու համար, չնայած կարող էր և պետք է կանխատեսեր նման իրավիճակը և ձեռնարկեր համապատասխան միջոցներ՝ կիրառել արտակարգ արգելակում կամ շրջանցել կայանված ավտոմեքենան», -ասել է գործակալության զրուցակիցը։շ
Ըստ նրա՝ միջադեպի հանգամանքների քննության ընթացքում կպարզվի՝ արդյոք միկրոավտոբուսի վարորդը վթարի պահին ալկոհոլի ազդեցության տակ է եղել, և արդյոք նա խախտել է արագության սահմանափակումը։
«Կայանված ավտոմեքենայի վարորդի գործողությունները ևս ստուգվելու են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա կանգ է առել երթևեկելի գոտում անսարքության պատճառով։ Քննիչները կպարզեն՝ արդյոք այդ ավտոմեքենայի վարորդը հնարավորություն է ունեցել իր ավտոմեքենան արագորեն ճամփեզր տեղափոխել՝ վթարի վտանգը վերացնելու համար», – եզրափակել է գործակալության զրուցակիցը։
Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու և ուղևորների վնասվածք հասցնելու և մահվան պատճառ դառնալու փաստի առթիվ (ՌԴ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդված):