Print this page

Հայ-ռուսական հարաբերությունները հենվում են երկարաժամկետ համագործակցության վրա. Միրզոյան

By Մայիսի 21, 2025 1

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հենվում են բոլոր ուղղություններով երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցության վրա։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ առանձնազրույցից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։

«Թիմերն արդեն ավարտել են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր՝ 2 տարվա ծրագրի մշակումը, որը հույս ունեմ՝ այսօր կստորագրենք»,– ասաց նա։

Միրզոյանն ընդգծեց, որ նախարարների միջև հանդիպումն արդյունավետ է եղել։ Նա հույս հայտնեց, որ ընդլայնված ձևաչափով ևս հանդիպումն արդյունավետ կլինի։

Նախարարը նշեց, որ դրական դինամիկա է նկատվում նաև հումանիտար համագործակցության զարգացման ուղղությամբ։

Նա համոզմունք հայտնեց, որ ընթացիկ տարվա վերջում Ռուսաստանում անցկացվելիք «Հայաստանի մշակույթի օրերը» կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը մշակութային ոլորտում։

«Երևանը հետաքրքրված է տնտեսական համագործակցության գծով միջկառավարական, միջխորհրդարանական հանձնաժողովներում և այլ համատեղ հարթակներում համագործակցության խորացմամբ»,- հավելեց Միրզոյանը։

Նա նշեց, որ հայ-ռուսական համագործակցությունն ընդգրկում է նաև փոխգործակցություն բազմակողմ և միջազգային ձևաչափերով։ Այս համատեքստում Միրզոյանն ընդգծեց առևտրային, տնտեսական համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել մայիսի 15-ին։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews