Հնդկական մի շարք տուրիստական գործակալություններ հայտարարել են Ադրբեջան և Թուրքիա բոլոր տուրիստական փաթեթների վաճառքը դադարեցնելու որոշման մասին՝ ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակից և երկրում տիրող ավելի լայն տրամադրություններից: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։
Հնդկական Cox & Kings տուրիստական գործակալություն տնօրեն Կարան Ագարվալն ասել է.
«Մենք նաև հնդիկ ճանապարհորդներին խորհուրդ ենք տալիս զգույշ լինել և խուսափել բոլոր ոչ էական ճանապարհորդություններից այս ուղղություններով, քանի դեռ ավելի լայն աշխարհաքաղաքական միջավայրում ավելի հստակություն և դասավորվածություն չի նկատվում»:
Ինչպես գրում է Loktej English-ը, մեկ այլ հարթակ՝ EaseMyTrip-ը նախազգուշացրել է ճանապարհորդներին, որ Թուրքիան և Ադրբեջանը աջակցություն են հայտնել Պակիստանին, և հաճախորդներին խորհուրդ է տրվում դիտարկել դեպի այդ երկրներ մեկնելը միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Նշենք, որ Հնդկաստանի հետ հակամարտությունում Ադրբեջանը և Թուրքիան բացահայտորեն աջակցում են Պակիստանին։