ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026–ի ֆինանսական տարվա բյուջեի նախագծում առաջարկել է ամբողջությամբ դադարեցնել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների ֆինանսավորումը՝ դրանք անվանելով անարդյունավետ և ԱՄՆ-ի համար չարդարացված թանկ: Խոսքը 1,614 մլրդ դոլարի մասին է։
«Վերջին ձախողումների և մասնակցության բարձր վարձավճարի պատճառով բյուջեն չի նախատեսում ՄԱԿ-ի և այլ կազմակերպությունների անարդյունավետ խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորում», - ասված է բյուջեի նախագծին կից բացատրագրում, որն այսօր հրապարակել է Սպիտակ տունը:
Փաստաթղթում նաև նշվում է, որ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունները, մասնավորապես Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, մեղադրվում են ոսկու, ադամանդի և թմրանյութերի մաքսանենգության մեջ:
Նախագծում ներկայացված է, որ ԱՄՆ-ը պատմականորեն վճարել է միջազգային խաղաղապահ ծախսերի անհամաչափ մեծ մասը , և այդ պրակտիկան այլևս չի համապատասխանում Վաշինգտոնի շահերին: