Print this page

«Խոպանչիները» մտահոգ են. ՌԴ-ում ուզում են հարկել դրամական փոխանցումները

By Փետրվարի 04, 2025 28

Ռուսաստանում առաջարկել են հարկ սահմանել միգրանտների դրամական փոխանցումների համար։ Ըստ Պետդումայի «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության պատգամավոր Սերգեյ Միրոնովի, Ղրղզստանի և Ուզբեկստանի քաղաքացիներն անցյալ տարի Ռուսաստանից ավելի քան 14 միլիարդ դոլար են փոխանցել։

«Մենք պետք է պետական ​​տուրք մտցնենք միգրանտների դրամական փոխանցումների համար: Երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիների համար սակագների, ակցիզային հարկերի, տուրքերի բարձրացմանը, մեր պաշտոնյաներն անտարբեր չեն, բայց երբ խոսքը գնում է օտարերկրացիների մասին, նրանք անմիջապես սկսում են իրենց դնել հիմարի տեղ»,- տելեգրամյան իր ալիքում դժգոհություն է հայտնել Միրոնովը:

Միգրանտների մեծ մասը զգալի գումարներ է ուղարկում արտերկիր՝ առանց որևէ հարկ վճարելու Ռուսաստանի Դաշնությունում։

2021 թվականին ՌԴ-ում արդեն քննարկվել է տրանսֆերտների համար լրացուցիչ վճարներ սահմանելու հնարավորությունը, սակայն, Ֆինանսների նախարարությունը հետաձգեց գործընթացը։ Միրոնովը կարծում է, որ 3 տոկոս տուրքի սահմանումը թույլ կտա երկրի բյուջեն համալրել ավելի քան 45 միլիարդ ռուբլով միայն Ղրղզստան և Ուզբեկստան փոխանցումներից։ Պատգամավորը հայտարարել է օրենսդրական նախաձեռնության մոտալուտ մշակման և Պետդումա ներկայացնելու մասին։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews