Print this page

Արծվիկ Մինասյանին ու Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել նույն գործի շրջանակներում

By Հուլիսի 04, 2025 3

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացնում է միջնորդագիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու թույլտվություն ստանալու համար:
Սեյրան Օհանյանը առողջական վիճակից ելնելով բացակայում է։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի քննարկմանը՝ շեշտելով, որ այն տեղի է ունենում գեներալ-գնդապետ, Արցախի հերոս, 3 պատերազմներ անցած Սեյրան Օհանյանի բացակայությամբ։ Նրանք լքեցին դահլիճը։
Դատելով միջնորդագրից՝ Արծվիկ Մինասյանին ու Սեյրան Օհանյանին դատախազությունը մեղադրանք է առաջադրել նույն գործի շրջանակներում, որը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի տարածքում Սեյրան Օհանյանի կողմից հողատարածք ձեռք բերելուն: Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ Օհանյանը տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։
Ըստ գլխավոր դատախազության՝ Սեյրան Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015 թվականների ընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի, զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը, և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար և այլ անձանց ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել է հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը, որի ընթացքում նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից: Բացի այդ, Սեյրան Օհանյանը, հիշյալ առանձնատան տարածքում լողավազանի և շոգեբաղնիքի կառուցապատումն իրականացրած ՍՊ ընկերությանը ՊՆ իրականացրած գնման գործընթացներում ապօրինի առավելություններ տրամադրելու, նշված կազմակերպության և նշված ընկերության հետ փոխկապակցված՝ Պաշտպանության նախարարությունում բաժնի պետի պաշտոն զբաղեցրած անձի օգտին գործողություն կատարելու, այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու, ինչպես նաև թողտվության համար ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 58 միլիոն դրամ կաշառք։ Այնուհետև՝ Սեյրան Օհանյանը, վերոգրյալ հողատարածքն իր կողմից զավթված լինելու և դրա վրա առանց կառուցապատման իրավունքի, ապօրինի, իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները զգալիորեն գերազանցող և դրանցով ողջամտորեն չհիմնավորվող 125 միլիոն 394 հազար դրամ արժողությամբ շենք-շինությունների հանցավոր ծագումը թաքցնելու, գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը խեղաթյուրելու, ապօրինի գործարքներում իր մասնակցությունը չբացահայտելու, հիշյալ գույքի նկատմամբ իրական իրավունքները և պատկանելիությունը քողարկելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքին օրինական տեսք տալու նպատակով ապահովել է իր հետ փոխկապակցված անձանց մասնակցությունը նշված հողատարածքի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման համար անցկացվող մրցույթին: Արդյունքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի և Սերյան Օհանյանի հետ փոխկապակցված անձի միջև 2017 թվականի մայիսի 3-ին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող՝ հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր և այդ կերպ փաստացի ապահովվել է Ս.Օհանյանի կողմից նշված անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումն ու օգտագործումը: Բացի վերոգրյալը, Սեյրան Օհանյանը, 2021 թվականի օգոստոսի 2-ից ստանձնելով ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավորի պետական քաղաքական պաշտոնը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում թաքցրել է փաստացի իրեն պատկանող՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը, ինչպես նաև դրա վրա կառուցված, իրեն պատկանող և իր կողմից տնօրինվող շինությունների վերաբերյալ հայտարարագրման ենթակա տեղեկությունները, որի հետևանքով չի հայտարարագրվել 2021 թվականի դրությամբ` 123 միլիոն 369 հազար դրամ, 2022 թվականի դրությամբ` 145 միլիոն 65 հազար դրամ, 2023 թվականի դրությամբ` 166 միլիոն 402 հազար դրամ արժողությամբ գույքը:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews