Print this page

Արցախցիների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են կատարվել

By Հուլիսի 03, 2025 7

ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում նոր փոփոխություններ են իրականացվել։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և արցախցիների հետ քննարկումների արդյունքում մշակել են մի շարք բարեփոխումներ և սահմանել են նոր սահմանակարգեր։

Նրա խոսքով` այս պահին տրամադրվող հավաստագրերի շրջանակում ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրամադրվում է 3–5 մլն դրամ` կախված, թե որ բնակավայրում է ձեռք բերում կամ կառուցում անշարժ գույքը։

Նախագծով առաջարկվում է սահմանել 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ. այս պահին գործող ցանկում ներառված են 57 համայնքի 452 բնակավայր, որն կընդլայնվի մինչև 611 բնակավայր։

«Ծրագիրն, ըստ էության, բացում ենք բոլոր թիրախային խմբերի համար` անկախ ընտանիքի կազմից։ Ծրագրի դիմելու վերջնաժամկետը սահմանում ենք 2027 թ. դեկտեմբերի 31–ը (նախկին կարգով` մինչև 2025 թ. դեկտեմբերի 31–ն էր)»,– տեղեկացրեց նախարարը։

Մկրտչյանի խոսքով` կստեղծվի նաև միջգերտեսչական հանձնաժողով, որը կուսումնասիրի ծրագրին դիմած ու շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերը։

Նա նաև տեղեկացրեց, որ հուլիսի 1–ի դրությամբ հավաստագիր է ստացել ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 1 600 ընտանիք, որոնք նախ քաղաքացիություն են ստացել, ապա դարձել շահառու։ Մկրտչյանը վստահ է, որ այս նոր բարեփոխումներով շահառուների թիվը կավելանա։

Հիշեցնենք` Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել էր, սակայն արցախցիների բողոքի ակցիաներից հետո կառավարությունում որոշվեց ԼՂ–ից բռնի տեղահանված բոլոր անձանց համար պետական աջակցության ծրագիրը 2 ամսով երկարաձգել (մայիս, հունիս)։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews