Նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն առաջիկա օրերին Իրանի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություններ պետք է վարի, հայտնում է NBC News-ը։
Ըստ լրատվամիջոցի, բանակցությունների նպատակը պատժամիջոցների մեղմացման դիմաց ուրանի հարստացումը դադարեցնելու փորձն է։
Միևնույն ժամանակ, ամերիկյան և իսրայելական հետախուզական գործակալությունները «ուշադիր կհետևեն, թե ինչ է անում Իրանը կուլիսներում», գրում է NBC News-ը։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել էր ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որևէ ծրագիր։
«Բանակցությունները վերսկսելու շուրջ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Բանակցությունների մասին խոսք անգամ չի եղել։ Բանակցությունների առարկան ներկայումս չի քննարկվում»,- ասել է նա։
Արաղչին պարզաբանել է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտությանը, սակայն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշումը գնահատման կարիք ունի։