Երեկ Մարաշում Թուրքիայի նախագահ Էրդողանն օգտագործեց «Խոջալուի ցեղասպանություն» արտահայտությունը՝ հաշվի չառնելով, որ ընդամենը մեկ օր անց Անկարայում հանդիպելու է ՀՀ վարչապետին: Այս մասին իր էջում գրել է տարածաշրջանային հարցերի փորձագետ Արտյոմ Տոնոյանը։
Նա մանրամասնել է. «Մարաշում տեղի ունեցավ Ադրբեջանի ֆինանսներով կառուցված թաղամասի բացումը, և Էրդողանն իր ելույթում Ալիևի և տեղի բնակչության ներկայությամբ խոսեց «Խոջալուի ցեղասպանության» մասին՝ արտասանելով նաև մի բանաստեղծություն Աբդուրրահիմ Քարաքոչից՝ նվիրված «Ղարաբաղի ցավին ու դարդին»։
Քանի որ այս ալիքին ակնդետ հետևող շատ ընթերցողներ առաջարկում են գրառումները համատեքստավորել (կոնտեքստուալիզացիա), որպեսզի բոլոր ընթերցողներին պարզ լինի իրադարձությունների ընդհանուր համատեքստը, սրա առնչությամբ փորձեմ անել դա։
Էրդողանի այս հայտարարությունն արվել է ՀՀ վարչապետի` Թուրքիա այցից ընդամենը մեկ օր առաջ, այսինքն երեկ։ Այսօր արդեն տեղի է ունենում ՀՀ վարչապետի` Թուրքիա այցը։
Արդյո՞ք կարող ենք դիտել սա՝ որպես «կառուցողական և դրական ժեստ»` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված։
Իհարկե, կարող ենք, քանի որ Էրդողանը բավարարվել է միայն ադրբեջանական պատմագրության հորինած «Խոջալուի ցեղասպանությունը» հիշելով և բառ անգամ չի ասել մնացած ցեղասպանությունների առնչությամբ, որոնք նույնպես վերագրվում են մեզ։
Օրինակ, «Բաքվի ցեղասպանությունը», «Շամախիի ցեղասպանությունը», «Լենքորանի ցեղասպանությունը», «Գանձակի ցեղասպանությունը», «Խաչմազի ցեղասպանությունը», «Ուրմիայի ցեղասպանությունը», «Սալմաստի ցեղասպանությունը», «Անատոլիայի մուսուլմանության ցեղասպանությունը» և այլն։ Շարքը շատ ավելի երկար է»։