Print this page

«Ռոսատոմ սերվիսը» 1500 տոննա նոր սարքավորում է տրամադրել Հայկական ԱԷԿ-ին

By Հունիսի 19, 2025 3

Հայկական ԱԷԿ-ի արդիականացման երկրորդ փուլի (մինչև 2026թ.) շրջանակներում «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը («Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր ձեռնարկություն) 1500 տ նոր սարքավորում է տրամադրել կայանին: Այս մասին ասված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

ԱԷԿ-ի գործող՝ №2 էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագծերը էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության շրջանակներում առանցքային նախագծերից են:

Ռուսաստանյան մասնագիտացված կազմակերպությունների և ինստիտուտների ներգրավմամբ «Ռոսատոմ սերվիսը» նշված քանակությամբ սարքավորումներ է մատակարարել ԱԷԿ-ի մեքենայական սրահ, օգնել է արդիականացնել անվտանգության համակարգերը և կառավարման ավտոմատացված համակարգերը, իրականացրել է ռեակտորի կորպուսի մշակում, ինչը թույլ է տվել երկարացնել դրա ծառայության ժամկետը:

Շահագործման ժամկետի երկարաձգումից բացի, արդիականացման արդյունքում էներգաբլոկի հզորությունը 380-390-ից բարձրացվել է մինչև 440 մեգավատ:

Բացի այդ, 2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն համաձայնագիր են կնքել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին:

Կայանի շահագործման ժամկետի երկրորդ երկարաձգման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը։ ՀՀ իշխանությունները մինչև 2036 թվականը պատրաստվում են կառուցել նոր էներգաբլոկ՝ փոխարինելու համար գործող էներգաբլոկները։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews