Print this page

Դանակահարված 14–ամյա տղան վազելով մտել է դպրոց. առաջին օգնություն ցուցաբերել են ուսուցիչները. նոր մանրամասներ

By Հունիսի 12, 2025 8

Նոր մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին՝ հունիսի 11–ին, Երեւանի Միսաք Մեծարենցի անվան 146 հիմնական դպրոցի տարածքում տեղի ունեցած դանակահարության դեպքից։

Դպրոցից հայտնում են, որ միջադեպը եղել է երկու 14 տարեկան պատանիների միջեւ։ Դանակահարվածը սովորում է այդ դպրոցում, իսկ մյուս տղան մեկ այլ դպրոցի աշակերտ է։

Դանակահարվածը սովորում է 9–րդ դասարանում եւ երեկ դասարանցիների հետ եկել էր դպրոց քննությունների հետ կապված լրացուցիչ ինֆորմացիա ստանալու համար, քանի որ այսօր քննության էին։

Դեպքը տեղի է ունեցել դպրոցի հետնամասում։ Երեխային իրենք նկատել են այն ժամանակ, երբ վազելով եկել եւ մտել է դպրոցի շենք։ Առաջին օգնությունը ցուցաբերել են ուսուցիչները, այդ թվում ֆիզկուլտուրայի ուսուցիչը։ Այնուհետեւ ժամանել է Շտապօգնություն, ոստիկաններ։

Դպրոցից հայտնեցին նաեւ, որ տուժած աշակերտը հայտարարել է, որ չի ճանաչում դանակահարողին։

Տղան վնասվածքը ստացել է դաստակի հատվածում, վիրահատության է ենթարկվել։ Ամեն ինչ նորմալ է այս պահին, կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի առթիվ 2025 թվականի հունիսի 11-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կա 1 տուժող: Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական-դատահետքաբանական համալիր փորձաքննություն:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews