Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության «Ռասուլ Համզատով» սահմանապահ պահակային նավը Բաքվի նավահանգիստ կմտնի սեպտեմբերի 23-ին և այնտեղ կմնա մինչև սեպտեմբերի 25-ը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ այցն իրականացվում է երկկողմ համագործակցության հաստատված ծրագրերի շրջանակներում:
«Այցի ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանային ծառայությունների շփումներ, առաջին հերթին՝ Կասպից ծովի ջրային տարածքում, երկկողմ համագործակցության հարցերը քննարկելու նպատակով», - ասել է նա այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ:
Զախարովան հստակեցրել է, որ ռուս սահմանապահների այցը Բաքու վկայում է անվտանգության ոլորտում փոխգործակցության շարունակման և Կասպյան տարածաշրջանում գործնական համագործակցության ամրապնդման փոխադարձ տրամադրվածության մասին: