Պատմաբան, լրագրող Կարպիս Փաշոյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Կաթողիկոսի դեմ սանձազերծած արշավին, գրում է.
«Հուսով եմ, բոլորն էլ հասկանում են, որ կուսակրոնության հարցն ընդամենը պատրվակ է և Գարեգին 2-ը իրականում հալածվում է «Բռնազավթված Արցախ» բառակապակցությամբ համար։ Փաշինյանը չի կարողանում մարսել, որ կաթողիկոսն ու եկեղեցին իր արտաքին քաղաքականությանը հակադիր դիրքորոշում են որդեգրել՝ տարածելով այն երկրի ներսում և ներկայացնելով միջազգային ծանրակշիռ հարթակներում։
Ճշմարիտ է նաև այն պնդումը, որ Փաշինյանին մտահոգում է եկեղեցու բավականին բարձր վարկանիշը, ինչը կարող է հակաիշխանական լրջագույն խմորումների ելակետ դառնալ։
Գարեգին 2-ին գահընկեց անելով՝ Փաշինյանը փորձում է իր համար վերահսկելի և կառավարելի եկեղեցի ստեղծել։ Նա ակնկալում է մի կաթողիկոս, որը կլինի Վահագն Խաչատրյանի պես անհաղորդ և Անահիտ Մանասյանի պես հնազանդ։ Այսինքն՝ Քրիստոնեության գծով տեղակալ։
Տեղի ունեցողը հավատքի հետ կապ չունի։ Առաջադեմ ու աթեիստ հորջորջվող այն զանգվածները, որոնք լռելյայն գոհունակություն են ապրում կրոնի և միջնադարի նկատմամբ լուսավորական հաղթարշավի վերաբերյալ, նորից մոլորվում են՝ չհասկանալով ամենակարևորը։
Փաշինյանն առաջին հերթին մարտահրավեր է նետել ՀՀ ժողովրդավարական ապագային և սահմանադրական կարգին։ Գարեգին 2-ի նկատմամբ տեղի ունեցող հալածանքն առաջին հերթին ոտնձգություն է Սահմանադրության նկատմամբ, որը հստակ սահմանում է հոգևոր և աշխարհիկ իշխանությունների տարանջատման սկզբունքը։
Հայաստանին դեպի ԵՄ տանող ստալինիստներն ու անգլախոս կթվորուհիներն էլ միգուցե չգիտեն, որ հոգևորի և աշխարհիկի տարանջատումը արդի Եվրոպայի հիմքն է, ծննդյան վկայականը, առաջնային պատճառն ու շարժառիթը»։