Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Կոպենհագենում եկել են ըմբռնման՝ «Թրամփի ուղում», գուցե, ամենաարագ իրականացվողը էլեկտրահաղորդման գծերի ու գազամուղի կառուցումն է։
«Դա նախնական քննարկում էր, հետագա քննարկումների ընթացքում դա ավելի կկոնկրետացվի ու հասկանալի կդառնա»,- «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով համաժողովին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե ոչ մի բան չի խանգարում այս նախագծի իրականացմանը։
«Բոլոր խնդրահարույց հարցերը հասցեագրված են Վաշինգտոնի հռչակագրում, մեզ մնում է ընդամենը իրագործել համաձայնությունը, իսկ դա չիրագործելու մոտիվացիա որևէ մեկը չունի»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ «Թրամփի ուղի»-ն վերջնարդյունք է խաղաղության գործընթացի, բայց նաև կարևոր պատճառ է երկարատև խաղաղության։
Նա ասաց, թե «Թրամփի ուղի»-ն մի նախագիծ է, որը ձեռնտու է բոլորին, օգուտներ է բերում բոլորին։