Ֆլիրտը հաճախ ընկալվում է որպես թեթև խաղ կամ պոտենցիալ զուգընկերոջ հանդեպ հետաքրքրություն ցույց տալու միջոց։ Սակայն Personality and Individual Differences ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ սեթևեթ հայացքների ու կատակախառն զրույցների հետևում կարող է ավելին թաքնված լինել. ֆլիրտը կիրառում են նաև որպես ցանկալիին հասնելու գործիք, այլ ոչ միայն որպես ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ։
Ավելին, մարդկանց ֆլիրտ անելու ձևերը կախված են նրանց անհատական գծերից։
Ալաբամայի և Կոնեկտիկուտի համալսարանների գիտնականները ֆլիրտի սովորությունների վերաբերյալ հարցում են անցկացրել 955 մասնակցի շրջանում։ Սակայն նրանք չեն սահմանափակվել միայն ինքնագնահատմամբ. շուրջ 2000 «տեղեկատուներ»՝ ընկերներ կամ ծանոթներ, գնահատել են մասնակիցների վարքագիծը։ Դա հետազոտողներին հնարավորություն է տվել չափել, թե որքան հաճախ են մարդիկ ֆլիրտ անում և որքան հմուտ են դրանում տարբեր սոցիալական իրավիճակներում, ներառյալ աշխատանքը, ժամադրություններն ու երեկույթները։
Պարզվել է, որ «մութ» անհատական գծեր ունեցող մարդիկ՝ նարցիսիզմով, մաքիավելականությամբ և պսիխոպատիայով աչքի ընկնողները, ավելի հաճախ են ֆլիրտն օգտագործում որպես մարտավարական գործիք նպատակներին հասնելու համար, օրինակ՝ աշխատանքում առաջխաղացման կամ անվճար ըմպելիք ստանալու համար։ Բացառություն են կազմում նարցիսները, որոնց համար երբեմն կարևոր է պարզապես այլոց ուշադրությունը, այլ ոչ թե կոնկրետ օգուտը։
«Լուսավոր» անհատական գծեր ունեցողները, օրինակ՝ հումանիզմով և մարդկանց հանդեպ հավատով աչքի ընկնողները, ավելի հազվադեպ են ֆլիրտն օգտագործում շահի համար, քանի որ նրանց համար անկեղծ կապն ավելի արժեքավոր է, քան անձնական օգուտը։
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են կիրառում ֆլիրտը։ Գիտնականները ենթադրում են, որ դա կապված է այն հանգամանքի հետ, որ կանայք ավելի հաճախ են ստանում սոցիալական «պարգևներ», օրինակ՝ անվճար ըմպելիքներ բարում, և որ նրանք ընդհանուր առմամբ ավելի հաջողակ են ֆլիրտի այս տեսակում։
Իսկ երբ ֆլիրտի նպատակը շփում հաստատելն ու կապ ստեղծելն է, վարքագծի վրա ավելի շատ ազդում է իրավիճակը, քան անհատի տեսակը։ Մթնոլորտը, շրջապատը և սոցիալական համատեքստը վճռորոշ դեր են խաղում այն հարցում, թե ինչպես են մարդիկ ֆլիրտ անում հարաբերություններ ստեղծելու փորձի ժամանակ։
Վերջնարդյունքում հետազոտությունն օգնում է ավելի լավ հասկանալ, թե ինչու և ինչպես են մարդիկ ֆլիրտ անում, ինչպես նաև բացահայտում է նրանց բնավորության մանրամասները։ Գիտնականները շեշտում են, որ արդյունքները եզակի տեղեկություններ են տալիս այն մասնակիցների վերաբերյալ, թե ինչպես են անհատական գծերն ազդում ֆլիրտի դրդապատճառների վրա, ցույց են տալիս դրա դերը որպես ինքնարտահայտման միջոց և ընդգծում վարքագիծն անհատական տարբերությունների տեսանկյունից ուսումնասիրելու կարևորությունը։
