Ըստ ամերիկյան և իսրայելական պաշտոնական աղբյուրների՝ իրանական մի քանի քրդական խմբավորումների զինյալներ նախապատրաստվում են Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում հնարավոր ցամաքային ներխուժման։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Թեհրանի ուղղությամբ ամերիկա-իսրայելական ռմբակոծությունների հետ համակարգված քրդական ուժերի ցամաքային գործողությունը, կարող է էականորեն մեծացնել Իրանի իշխանությունների վրա գործադրվող ճնշումը։ Դա կարող է հանգեցնել երկրի ներսում ապստամբության բռնկման, որը հնարավոր է տարածվի նաև այլ տարածաշրջաններում։

Պատերազմի մեկնարկից վեց օր առաջ Իրաքում ապաստանած իրանական հինգ քրդական խմբավորումներ հայտարարել են «Իրանական Քրդստանի քաղաքական ուժերի կոալիցիայի» ստեղծման մասին՝ նպատակ ունենալով պայքարել Իրանի դեմ։ Այս կառույցներն իրանա-իրաքյան սահմանի երկայնքով տիրապետում են հազարավոր մարտիկների և վերահսկում են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածքներ։

Խմբավորումներից մեկին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին շաբաթների ընթացքում քրդական ուժերը հարյուրավոր զինյալների են տեղափոխել սահմանի իրաքյան հատվածի ճամբարներից դեպի իրանական տարածք՝ նախապատրաստվելով գործող վարչակարգի ուժերի վրա հնարավոր հարձակմանը։

Ամերիկյան և իսրայելական երկու պաշտոնյաներ, ինչպես նաև իրավիճակին տեղյակ երրորդ աղբյուրը հայտնել են, որ իրանական քրդական աշխարհազորայինները վայելում են Մոսադի և ԿՀՎ-ի աջակցությունը։ Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ նպատակն է վերահսկողություն հաստատել Իրանի կազմում գտնվող քրդական որոշակի տարածքների վրա, ինչը մարտահրավեր կնետի Թեհրանի իշխանություններին և խթան կհանդիսանա ավելի լայնածավալ ապստամբության համար։

«Պատերազմը մեկնարկել է ամերիկյան և իսրայելական զինուժի ակտիվ գործողություններով, սակայն դրա ընթացքին զուգահեռ Մոսադի և ԿՀՎ-ի կողմից նոր ջանքեր կգործադրվեն», — նշել է իսրայելցի պաշտոնյան։

Ինչպես հայտնել է ամերիկացի մեկ այլ պաշտոնյա՝ իրանական քրդական խմբավորումներին սատարելու և Իրաքից դեպի Իրան ցամաքային հարձակման նպատակով նրանց օգտագործելու գաղափարն ի սկզբանե առաջադրվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Մոսադի կողմից։ Կենտրոնական հետախուզական վարչությունը այս նախաձեռնությանը միացել է ավելի ուշ փուլում։

Իսրայելցի պաշտոնյաները իրանական քրդական խմբավորումներին խոստացել են ոչ միայն ռազմական, այլև քաղաքական աջակցություն՝ վարչակարգի տապալման դեպքում ապագա Իրանում քրդական ինքնավար մարզ ստեղծելու հարցում, հայտարարել է պաշտոնյան։

«Խնդիրն այն է, որ իրանական քրդական խմբակցությունները չունեն բավարար ռազմական ուժ և կարող են ի վերջո վերածվել «թնդանոթի մսի»», — ասել է պաշտոնյան։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիթը չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է, որ նախագահ Թրամփը չի համաձայնել վարչակարգի դեմ քրդական իրանական աշխարհազորայինների հարձակմանն աջակցելու և ոչ մի ծրագրի հետ։

«ԿՀՎ-ն և Մոսադը հրաժարվել են մեկնաբանություններից», — գրում է Axios-ը։

Share.