Ամերիկյան սրտաբանների ասոցիացիան (AHA) սննդակարգի նոր հանձնարարականներ է ներկայացրել, որոնք նպատակ ունեն նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը և պահպանել սրտի առողջությունը ողջ կյանքի ընթացքում։ Այս մասին գրում է News Medical Life Sciences-ը։

Փորձագետներն ընդգծում են՝ սրտի առողջությունը ձևավորվում է ոչ թե նորաձև դիետաներով, այլ ամենօրյա կայուն սովորություններով և ճիշտ ապրելակերպով։

Հիմնական սկզբունքը առողջ քաշի պահպանումն է, ինչի համար անհրաժեշտ է հավասարակշռել ընդունած կալորիաների քանակը ֆիզիկական ակտիվության հետ։ Կարևորագույն քայլերից մեկը մեծ քանակությամբ մրգերի ու բանջարեղենի օգտագործումն է, որոնք օրգանիզմն ապահովում են անհրաժեշտ վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդանտներով։ Դրա հետ մեկտեղ՝ AHA-ն խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ ամբողջահատիկ մթերքներին (ոչ թե զտված սպիտակ ալյուրին) և սպիտակուցի առողջ աղբյուրներին՝ հիմնականում բուսական սպիտակուցներին, ծովային ձկնատեսակներին, ինչպես նաև ցածր յուղայնությամբ մսամթերքին ու կաթնամթերքին։

Ոչ պակաս կարևոր է հագեցած ճարպերը փոխարինել անհագեցածներով, օրինակ՝ կարագի կամ մսի ճարպի փոխարեն օգտագործել բուսական յուղեր։ Միևնույն ժամանակ, փորձագետները խորհուրդ են տալիս սահմանափակել «ուլտրա-վերամշակված» մթերքների սպառումը, որոնք հաճախ պարունակում են ավելորդ կալորիաներ, աղ և վնասակար ճարպեր։ Հաջորդ քայլը հավելյալ շաքարի կրճատումն է, հատկապես ըմպելիքների և քաղցրավենիքի մեջ, ինչն օգնում է վերահսկել քաշն ու արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Նույնքան կարևոր է սահմանափակել աղի օգտագործումը՝ ընտրելով նատրիումի ցածր պարունակությամբ մթերքներ և կերակուրը պատրաստելիս նվազագույն քանակությամբ աղ ավելացնելով։

Վերջապես, AHA-ն հիշեցնում է ալկոհոլի դերի մասին. եթե մարդ չի օգտագործում այն, ապա չարժե սկսել, իսկ եթե օգտագործում է, ապա կարևոր է պահպանել չափավորությունը։ Այս բոլոր սկզբունքները միասին ձևավորում են մի ապրելակերպ, որն ամրապնդում է օրգանիզմի կենսունակությունը, օգնում է կատարել ամենօրյա գործողությունները և պահպանել ակտիվությունն ու կյանքի որակը նույնիսկ հասուն տարիքում։

Գործնականում դա կարող է ունենալ հետևյալ տեսքը. ճաշի և ընթրիքի ժամանակ ափսեի կեսը լցված է մրգերով ու բանջարեղենով, մեկ քառորդը՝ սպիտակուցով, իսկ մյուս քառորդը՝ ամբողջահատիկ մթերքներով։ Ընտրեք նվազագույն վերամշակում անցած մթերքներ և փաթեթավորման վրա միշտ ստուգեք աղի ու շաքարի պարունակությունը։

Ընդհանուր առմամբ, AHA-ի հանձնարարականներն ընդգծում են՝ սրտի առողջությունը ամենօրյա հետևողական ընտրության արդյունք է, այլ ոչ թե հազվադեպ ջանքերի կամ «հրաշագործ» դիետաների։ Նույնիսկ փոքր փոփոխությունները, որոնք պահպանվում են ամիսներ և տարիներ շարունակ, կարող են զգալիորեն նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը և բարելավել կյանքի որակը։

Share.