Ռուսաստանը կոչ է արել Իրանին և Ադրբեջանին ցուցաբերել առավելագույն խոհեմություն, զերծ մնալ չմտածված քայլերից եւ խուսափել տարածաշրջանում նոր բաժանարար գծերի ստեղծումից՝ ի վնաս բարիդրացիական հարաբերությունների սկզբունքի։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ՝ կապված Իրանի տարածքից Նախիջեւանի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից հետո Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների կտրուկ վատթարացման հետ։

«Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող ծայրահեղ վտանգավոր զարգացումների վերաբերյալ, որոնք առաջացել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ չհրահրված, անօրինական զինված ագրեսիայի հետեւանքով՝ լիովին հորինված պատրվակներով։ Գործելով ՄԱԿ կանոնադրության եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտմամբ՝ այս երկրները փորձում են տապալել ՄԱԿ ինքնիշխան եւ անկախ անդամ պետության օրինական իշխանությունը՝ «հավաքական Արեւմուտքին» ենթարկվելուց հրաժարվելու համար»։

Ինչպես ռուսական կողմը բազմիցս զգուշացրել է, այս ռազմական արկածախնդրությունը կարող է խոր բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների, մասնավորապես՝ Իրանի հարեւանների անվտանգության վրա։ Եվ այդպես էլ եղավ։ Ներկայիս զարգացումները այս ագրեսիայի հեղինակների, ինչպես նաեւ դրան ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցողների անմիջական պատասխանատվությունն են։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի եւ Իրանի միջեւ առաջացած լարվածությանը, մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ մեր ռազմավարական գործընկերներին, ցուցաբերել առավելագույն խոհեմություն, զերծ մնալ չմտածված քայլերից եւ չստեղծել նոր բաժանարար գծեր տարածաշրջանում՝ ի վնաս բարիդրացիության սկզբունքի։ Նման լարված իրավիճակում կարեւոր է ուշադիր վերանայել ցանկացած իրադարձության բոլոր հանգամանքները, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման։

Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն օգնել տարածաշրջանում արյունահեղությունն անհապաղ դադարեցնելու ուղիներ գտնելու համար, անհրաժեշտ օգնություն ցուցաբերել քաղաքական եւ դիվանագիտական ​​գործընթացը վերսկսելու եւ միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի եւ շահերի հավասարակշռության վրա հիմնված լուծումներ գտնելու հարցում»,- ասվում է հայտարարության մեջ։

Share.