Արևելյան Չինաստանի գիտնականներին հաջողվել է ստեղծել պոպկորնի հոտով լոլիկ՝ օգտագործելով գեների խմբագրման ժամանակակից տեխնոլոգիաներ, news.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է South China Morning Post-ը։
Նոր տեսակը հայտնվել է Չժեցզյան նահանգի Սյանհու լաբորատորիայի Կենսատեխնոլոգիաների ինստիտուտի հետազոտական ջերմոցում։ Չինաստանի և Ավստրալիայի հետազոտողների խումբը կիրառել է գեների ճշգրիտ խմբագրման մեթոդը՝ օգտագործելով CRISPR/Cas9 գործիքը, որը հաճախ անվանում են «գենետիկական մկրատ»։
Գիտնականները կարողացել են անջատել այն երկու գեները, որոնք պատասխանատու են բուրավետ միացությունների ճնշման համար։ Դրանից հետո լոլիկները սկսել են արձակել բուրավետ բրնձի էլիտար տեսակներին բնորոշ հոտ, որը հիշեցնում է կարագով թարմ պոպկորն։
Լոլիկն աշխարհի ամենաբերքատու բանջարեղենային մշակաբույսերից մեկն է։ Չինաստանը տարեկան արտադրում է ավելի քան 70 միլիոն տոննա լոլիկ, ինչը կազմում է համաշխարհային ծավալի ավելի քան մեկ երրորդը։ Սակայն ժամանակի ընթացքում լոլիկի համն ու բույրը դառնում են ավելի թույլ արտահայտված, ինչը նկատելի է սպառողների համար։ Այս խնդիրը լուծելու համար չինացի սելեկցիոներները որոշել են օգտվել մեկ այլ մթերքի հետ համեմատության սկզբունքից։
«Մարդկանց դուր է գալիս բուրավետ բրինձը և դրա գինն ավելի բարձր է, քան սովորականինը»,- պարզաբանել է հետազոտության հեղինակ, Սյանհու լաբորատորիայի Կենսատեխնոլոգիաների ինստիտուտի փոխտնօրեն Սյու Շենչունը:
Նրա խոսքով՝ գենետիկները «ճշգրիտ կարգավորել են պտուղների մեջ ընթացող կենսաքիմիական գործընթացները»: Գիտնականը համոզված է, որ իրենց ձեռքբերումը կարող է ճանապարհ հարթել լոլիկի նոր տեսակների ստեղծման համար, որոնք կունենան բարելավված բուրավետ հատկություններ և ավելի գրավիչ կլինեն սպառողների համար:
