«World Population Review» վերլուծական հարթակը հրապարակել է ամենահամեղ ազգային խոհանոցներ ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը՝ հիմնված 2025 թվականի TasteAtlas ուսումնասիրության վրա: Ցուցակում ներառված է 99 երկիր, որոնք գնահատվել են օգտատերերի կարծիքների և միջին միավորների հիման վրա։

Հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանը զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի ամենացածր հորիզոնականը: Երկիրը հավաքել է մոտ 3.9 միավոր հնարավոր 5-ից՝ զբաղեցնելով 93-րդ տեղը: Ղազախստանը ստացել է նմանատիպ միավոր՝ զբաղեցնելով 92-րդ տեղը: Վրաստանը զբաղեցրել է 30-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 56-րդը: Վարկանիշային աղյուսակը լրացրել են Նիկարագուան, Լաոսը և Բոլիվիան։

Վարկանիշային աղյուսակը կազմվել է մոտավորապես 400,000 օգտատերերի գնահատականների հիման վրա: Յուրաքանչյուր երկիր կարող էր գնահատվել 0-ից 5 միավորային սանդղակով: Նշվում է, որ ազգային խոհանոցները գնահատվել են ընդհանուր առմամբ՝ առանց կոնկրետ ուտեստների նշման։

Վարկանիշային աղյուսակը գլխավորել է Հունաստանը՝ 4.6 միավորով: Ամենաբարձր խոհանոցային գնահատականներ ունեցող լավագույն հնգյակում են եղել նաև Իտալիան՝ 4.59 միավորով, Մեքսիկան՝ 4.52 միավորով, ինչպես նաև Թուրքիան և Իսպանիան՝ յուրաքանչյուրը 4.50 միավորով:

Ազգային խոհանոցի ամենաբարձր միջին գնահատականներ ունեցող առաջին տասնյակի մեջ են նաև Պորտուգալիան, Ինդոնեզիան, Ֆրանսիան, Ճապոնիան և Չինաստանը: Հետազոտության համաձայն՝ վարկանիշային աղյուսակի առաջատարները գրեթե անփոփոխ են մնացել նախորդ տարվա համեմատ:

Share.