Ատոմակայանների մոտ հարվածները լուրջ վտանգ են ներկայացնում առաջին հերթին հոսանքազրկման վտանգի պատճառով, ինչը կարող է ծանր հետևանքների բերել: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Ատոմային էլեկտրակայանների շահագործման գիտահետազոտական ինստիտուտ» («ՀԱՅԱՏՈՄ») ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը։

Մարտի 17-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի արձակած արկերից մեկն ընկել է երկրի հարավում գտնվող «Բուշեր» ԱԷԿ-ի տարածք։

«Դա շատ վտանգավոր է, կայանը կարող է հոսանքազրկվել, ինչպես եղավ Ֆուկուսիմայի վթարը, ինչի պատճառով չի ապահովվի ռեակտորի հովացումը»,- ասաց Պետրոսյանը։

Փորձագետի խոսքով՝ եթե հարվածը հասցվում է ատոմակայանի տարածքին, ապա կարող են վնասվել էլեկտրամատակարարման արտաքին աղբյուրները։ Եթե ռեակտորի հովացում չի արվում, դա կարող է լուրջ վթարի պատճառ դառնալ։

Նրա խոսքով՝ դա վտանգավոր է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Հատկապես հաշվի առնելով, որ այնտեղ աշխատում է մոտ 1000-1200 ՄՎտ հզորությամբ բլոկ, իսկ ռեակտորում մեծ քանակությամբ միջուկային վառելիք կա։

Ինչ վերաբերում է Հայաստանի համար հնարավոր ռիսկերին, մեր երկիրը «Բուշեր» ատոմակայանից և 30 կմ շառավղով անմիջական վտանգավոր գոտուց հեռու է։

«Մենք բավական հեռու ենք։ Կա պայմանական 30 կիլոմետրանոց գոտի։ Սակայն շատ բան կախված է եղանակային պայմաններից. քամու ուղղությունը կամ տեղումները կարող են ազդեցություն ունենալ», – ասաց նա։

Փորձագետը նաև մատնանշեց տարածաշրջանի էներգահամակարգերի փոխկապակցվածությունը։ Աղետի դեպքում, ինչպես Չեռնոբիլում կամ Ֆուկուսիմայում, հետևանքները կարող են չափազանց լուրջ լինել: Ատոմակայաններում սովորական վթարներ լինում են, բայց դրանք աղետներ չեն։ Աղետն արդեն ռեակտորի նկատմամբ վերահսկողության կորուստն է և մեծ տարածությունների վրա լուրջ ճառագայթային ազդեցությունը։

«Այդ դեպքում, իհարկե, կտուժենք նաև մենք, հատկապես հարավային շրջանները։ Բայց կարծում եմ` դրան չի հասնի, դա ոչ մեկին ձեռնտու չէ՝ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Իսրայելին, առավել ևս` Իսրայելին, քանի որ ավելի մոտ է»,- ընդգծեց նա։

Պետրոսյանի խոսքով` նման վտանգավոր իրավիճակում լավագույն լուծումը կայանը ժամանակավորապես կանգնեցնելն է:

«Մենք փոխկապակցվածություն ունենք՝ էլեկտրաէներգիա ենք մատակարարում և գազ ստանում։ Մենք միացված ենք նրանց ցանցին՝ հավասարակշռությունը պահպանելու համար: Եթե այնտեղ անջատում լինի, դա կարող է ազդեցություն ունենալ, թեև մենք կապեր ունենք նաև այլ էներգահամակարգերի հետ»,- նշեց նա։

Share.