ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հրամայել է երկրի Ռազմավարական նավթային պահուստից 172 միլիոն բարել նավթ բաց թողնել, երբ նավթի գները Իրանի դեմ  ԱՄՆ պատերազմի ֆոնին հասել են վերջին տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակին, հաղորդում է CBS News-ը։

Վաճառահանումնը կսկսվի հաջորդ շաբաթ և կտևի մոտ 120 օր, չորեքշաբթի հայտարարել է էներգետիկայի նախարար Քրիստոֆեր Ռայթը։ Այդ քայլը Միջազգային էներգետիկ գործակալության համակարգված որոշման մի մասն է, որի 32 անդամ երկրները՝ հիմնականում ԱՄՆ դաշնակիցներ, չորեքշաբթի ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց արտակարգ պահուստներից 400 միլիոն բարել նավթ բաց կթողնեն։

Միացյալ Նահանգներում West Texas Intermediate հում նավթի բազային գինը չորեքշաբթի՝ արևելյան ժամանակով 20:15-ի դրությամբ կազմում էր մեկ բարելի համար 92 դոլարից փոքր-ինչ ավելի։ Գներն օրվա ընթացքում աճել են մոտ 7,2%-ով և գործնականում անփոփոխ են մնացել ռազմավարական նավթային պաշարների կրճատման մասին լայնորեն սպասվող հայտարարությունից հետո։

ԱՄՆ կառավարության տվյալներով՝ Տեխասի և Լուիզիանայի հսկայական ստորգետնյա քարանձավներում պահվող ռազմավարական նավթային պաշարներն անցյալ շաբաթվա դրությամբ մոտավորապես 415 միլիոն բարել էին։ Ընդհանուր առմամբ, ըստ ՄԷԳ-ի, ՄԷԳ անդամ երկրների պաշարներն ավելի քան 1,2 միլիարդ բարել են։

ՄԷԳ-ի պահուստային համակարգը ստեղծվել է 1970-ականներին, երբ արաբական պետությունները նավթի վրա էմբարգո են սահմանել, որը դադարեցրել է մատակարարումներն ԱՄՆ-ին և նրա որոշ դաշնակիցների։ ԱՄՆ-ն և այլ անդամ պետություններ պարբերաբար օգտագործել են իրենց պաշարները՝ գնային ցնցումները հաղթահարելու համար, վերջին անգամ՝ 2022 թվականին, երբ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումը հանգեցրեց էներգակիրների գների կտրուկ աճի։ Նավթի գները կտրուկ աճել են, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը մոտ երկու շաբաթ առաջ ռազմական հարվածներ են հասցրել Իրանին և այդ ժամանակվանից ի վեր բարձր են՝ մատակարարումների լուրջ պակասի մասին մտահոգությունների պատճառով։

Հորմուզի նեղուցով, որը նավթի կարևոր հանգույց է Իրանի և Արաբական թերակղզու միջև, առևտրային նավագնացությունը գործնականում դադարեցվել է՝ լցանավերի վրա հարձակման հնարավորության մասին մտավախությունների պատճառով։

Այս ջրային ուղով տեղափոխվում է աշխարհի նավթի մոտավորապես 20%-ը կամ օրական 15 միլիոն բարել, և Պարսից ծոցից երթևեկության արգելափակման պատճառով որոշ նավթ արտադրողներ կրճատել են արտադրությունը։

Share.