Էներգետիկ ճգնաժամի հետևանքով առաջացած գազի դեֆիցիտը ռեստորանների, կրեմատորիաների և կրթական հաստատությունների աշխատանքի խափանումների է հանգեցրել Հարավային Ասիայի երկրներում։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը:
Ճգնաժամը հրահրվել է մատակարարումների խափանումներով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո։ Տարածաշրջանի երկրները, որոնք խիստ կախված են Պարսից ծոցի գազից, հայտնվել են ամենաշատ տուժածների թվում։ Հնդկաստանում դիակիզարաններն անցել են էլեկտրական վառարանների, ռեստորանները կրճատում են աշխատանքային ժամերը և հրաժարվում այնպիսի ուտեստներից, որոնք տապակում են պահանջում։ Պակիստանում պետական ծառայողների համար սահմանվել է քառօրյա աշխատանքային շաբաթ և փակվել են դպրոցները, իսկ Բանգլադեշում դադարեցվել են համալսարանների պարապմունքները և սահմանափակվել է գազի սպառումը։
Ինչպես նշում է պարբերականը, խնդիրներն էլ ավելի են խորանում Հորմուզի նեղուցի փաստացի փակման պատճառով։ Սա սրել է գազի շուկայի մրցակցությունը և մատակարարման լուրջ խափանումների հանգեցրել Հարավային Ասիայում։
