Բաքուն կարող էր բարիդրացիության ոգով բարի կամքի դրսևորել՝ ազատելով 11 ռուսաստանցիներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Բաքվի համապատասխան որոշումը մեր քաղաքացիների (11 ռուսաստանցիների ազատումը – խմբ․ ТАСС) վերաբերյալ կարող էր դառնալ  բարիդրացիության ոգով բարի կամքի դրսևորում և նպաստել մեր երկրների միջև բազմապլան համագործակցության հետագա ամրապնդմանը», – ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը ТАСС-ին տված հարցազրույցում։

«Ռուսաստանցիների շուտափույթ ազատումը մեր անշեղ առաջնահերթությունն է», – վստահեցրել է նա:

Գալուզինն ընդգծել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների գծով ռուսաստանցիներին տուն վերադարձնելու համար տարբերակներ են քննարկվում։

«Մենք պարբերաբար բարձրացնում ենք այս հարցը ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ քաղաքական շփումներում», – նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության փոխղեկավարը։

Նա հիշեցրել է, որ ներկայումս Բաքվում կալանքի տակ է մնում 11 ռուսաստանցի, որոնք ձերբակալվել են 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 1-ի ընթացքում։

«Մեր դեսպանատունը սերտ կապի մեջ է և՛ նրանց, և՛ նրանց հարազատների հետ», – նշել է Գալուզինը՝ հավելելով, որ «նախորդ հյուպատոսական մուտքը Բաքվի քննչական մեկուսարան, որտեղ նրանք այժմ պահվում են, ադրբեջանական կողմը տրամադրել է 2025 թվականի դեկտեմբերի 30-ին»։

Ռուսաստանցիները ձերբակալվել են Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից 2025 թվականի հունիսի վերջին։ Հուլիսի 1-ին Սաբայլի շրջանի դատարանը նրանց նկատմամբ կիրառել է կալանք՝ չորս ամսով։ Հոկտեմբերի 28-ին Խաթայի շրջանի դատարանի որոշմամբ կալանքի ժամկետը երկարացվել է ևս երեք ամսով։ ՌԴ քաղաքացիները մեղադրվում են թմրանյութերի շրջանառության և կիբերխարդախության մեջ։

Share.