Եթե ԱՄՆ-ն պատրաստ լինի անկեղծ և արդար բանակցությունների, ապա Իրանը միշտ պատրաստ է, բայց եթե տեղի ունենա ոտնձգություն, ապա կտրվի համապատասխան պատասխան։ Այս մասին փետրվարի 26-ին Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նրա խոսքով՝ ավարտվել է այն դարաշրջանը, երբ մի երկիրը կարող էր որոշումներ կայացնել այլ երկրների և ողջ աշխարհի փոխարեն։ «Պատերազմի մեջ ոչ մի լավ բան չկա, բայց մենք չենք կարող ստիպել մեր քաղաքակրթությանը հանձնվել», – նշել է դեսպանը։ Նա հիշեցրել է, որ վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն Իրանի շուրջ խոշոր ռազմական ուժեր է տեղակայել։ Շիրղոլամին դա անվանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցման դրսևորում, ըստ որի՝ խաղաղությունը հաստատվում է ուժի միջոցով։ «Եթե փորձենք վերծանել այս մոտեցումը, ապա այն հանգում է ուժի միջոցով գերիշխանություն հաստատելու ձգտմանը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը վերջերս հայտարարել է, որ Թրամփը զարմացած էր Իրանի տոկունությամբ և այն փաստով, որ Իրանը չի հանձնվում», – հավելել է դիվանագետը: Նրա խոսքով՝ հաշվարկն այն էր, որ եթե որևէ երկիր խոշոր ռազմական ուժ է կուտակում մեկ այլ երկրի սահմաններին, ապա վերջինս պետք է վախենա և հանձնվի: Շիրղոլամին պարզաբանել է, որ այս մոտեցումը կապված է Իրանի մասին ունեցած սխալ պատկերացումների հետ:
«Երբ գործ ունեք հնագույն քաղաքակրթությունների հետ, նման դեպքում «բիզնես-մոտեցումը» չի աշխատում: 7000-ամյա պատմություն ունեցող քաղաքակրթությունների պարագայում այդ մոտեցումը չի գործի: Մեր ինքնությունը մեր հպարտությունն է, և բիզնես-տրամաբանությունը չի կարող կիրառվել հնագույն քաղաքակրթությունների նկատմամբ: Այդ իսկ պատճառով Իրանը վախ չի զգում իր սահմանների մոտ լայնածավալ ռազմական ներկայությունից», – ընդգծել է դեսպանը:
